ՀՍՀ/ԱԿ–ԿՈՅՈՒՆԼՈՒՆԵՐ
ԱԿ–ԿՈՅՈՒՆԼՈՒՆԵՐ (հայկ. աղբյուրներում Աղ–Օղլու, թուրք. սպիտակախոյեր, «ակ»–«սպիտակ» և «կոյուն»–«ոչխար» բառերից), թուրքմեն–օղուզների քոչվոր ցեղախումբ, որ հաստատվել էր Տիգրիսի վերին հոսանքում, XIV–XV դարերում։ Ցեղախմբի տիրող ազգատոհմը Բայանդուրի հարստությունն էր, որը իշխանություն էր հաստատել Հայաստանի Ամիդ քաղաքից մինչև Սեբաստիա ընկած ընդարձակ տարածքի վրա։ Երկարատև պայքարում Ա–ի առաջնորդ Ուզուն–Հասանը հաղթեց (1467) Կարա–Կոյունլուներին և իշխանությունը տարածեց Հայաստանի, Ատրպատականի, Իրանի և Իրաքի վրա՝ կենտրոն ունենալով Թավրիզը։ Նրա գահակալության վերջին տարիներին և հաջորդների ժամանակ հպատակ ժողովուրդների կեղեքումը մեծ չափերի հասավ։ 1473-ին Ուզուն–Հասանը պարտություն կրեց օսմանյան թուրքերից և կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ուզուն–Հասանին հաջորդեց որդին՝ Յաղուբ–բեկը, որի օրոք (1478–90) իշխանությունը փաստորեն անցավ քոչվոր ցեղերի զորեղ առաջնորդներին, որոնք պատերազմներ մղեցին Վրաստանի (1484) և Ղզլբաշ ցեղերի դեմ (1488)։ Նրա ժամանակ ծանրացավ հատկապես հարկային լուծը և ուժեղացավ կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ։ Նրա մահից հետո երկրում ծայր առան գահակալական արյունահեղ պատերազմներ, որոնք տևեցին մինչև Ա–ի վերջնական պարտությունը։ 1502-ին Սեֆեյան շահ Իսմայիլ I գրավեց Ա–Կ–ի տիրապետությանը ենթարկված երկրամասերը։
Գրկ. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Ս. Խաչիկյան, մաս 2, Ե., 1958։
