Jump to content

ՀՍՀ/ԱՀԱՐՈՆՅԱՆ ԱՎԵՏԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՀԱՐՈՆՅԱՆ Ավետիս Առաքելի (1866–1948), հայ գրող, դաշնակցական կուսակցության ղեկավար գործիչ։ Ծնվել է հունվարի 4-ին, Սուրմալուի գավառի Իգդիր–Մավա գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1901-ին ավարտել է Լոզանի համալսարանի պատմա–փիլիսոփայական ֆակուլտետը, այնուհետև Փարիզում հետևել Սորբոնի համալսարանի գրական դասնթացներին։ 1903-ից աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի։ 1907–09-ին վարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնը։ 1909-ին ձերբակալվել է ցարական իշխանությունների կողմից։ Բանտից ազատվել է 1911-ին և անցել արտասահման։

Ա. գրական գործունեությունն սկսել է 1887-ին։ «Պատկերներ վերջին տարիների տաճկահայոց կյանքից» (1900), «Արցունքի հովիտ» (1902), «Լռություն» (1904) և «Սև թռչուն» (1910) գործերում տուրք է տվել սիմվոլիզմին։ Ա–ի ռեալիստական երկերից են «Իմ բանտը» (1911) և «Պարտվածներ» (1912) պատմվածաշարերը, «Իտալիայում» (1903) և «Շվեյցարական գյուղը» (1913) ուղեգրությունները, «Իմ գիրքը» (հ. 1–2, 1927–31) վեպը ևն։ Ա. ազգային պատվիրակության կազմում, Հայկական հարցի վերաբերյալ՝ Հաագայի խաղաղության II կոնգրեսին ներկայացրել է խնդրագիր, որը մերժվել է։ 1917-ին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919-ին՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ Գլխավորել է այդ հանրապետության պատվիրակությունները Կ. Պոլսի բանակցություններում (1918-ի հունիս–նոյեմբեր) և Փարիզի խաղաղության կոնֆերանսում (1919–20)։ Ա. ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920), մասնակցել է Լոնդոնի (1921) և Լոգանի (1922–23) կոնֆերանսներին՝ պաշտպանելով դաշնակցության արևմտյան պրոիմպերիալիստական կողմնորոշումը հայկական հարցում։ Ա. մինչև վերջ էլ մնացել է հակասովետիզմի դիրքերում։ Մահացել է մարտի 20-ին, Փարիզում։