Jump to content

ՀՍՀ/ԱՂԱԲԱԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂԱԲԱԲ (Աղաբաբյան) Հակոբ Բեժանի (1875–1926), հայ գրող և մանկավարժ։ Ծնվել է նոյեմբերի 14(26)–ին, Ղազախի գավառի Սև քար (այժմ՝ ՀՍՍՀ Իջևանի շրջանում) գյուղում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Աշխատակցել է «Հասկեր», «Կարմիր ծիլեր» և այլ պարբերականների։ Ա. Խնկոյանի և Հ.Ապրեսյանի հետ կազմել է «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1895-ին, «Աղբյուր» ամսագրում։ Աղաբաբի բանաստեղծությունները տպագրվել են «Մանկական ալբոմ» (2 փունջ, 1907, 1908), «Ծաղիկներ», (2 փունջ, 1911, 1920) ժողովածուներում։ Գրել է նաև լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ՝ մանուկների համար («Թուխսը»,1914, «Պախրախոտ», 1935 և այլն)։ Աղաբաբը հեղինակ է «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոյի (երաժշտությունը՝ Դ. Ղազարյանի)։ Աղաբաբը իր գործերը տպագրել է նաև Նեկտար և Ալմազ կեղծանուններով։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Թիֆլիսում։

Գրկ. Մխիթարյան Ա., Վրաստանի սովետահայ գրականությունը, Ե., 1966, էջ 84 – 92։ Գ. Սրվանձտյան

Նկարում` Գ. Գ. Աղաբաբյան։