ՀՍՀ/ԱՂԱԿԱԼԱԾ ՀՈՂԵՐ
ԱՂԱԿԱԼԱԾ ՀՈՂԵՐ, ջրալույծ աղեր (գլխավորապես քլորիդներ, սուլֆատներ և կարբոնատներ) պարունակող հողեր։ 0,7– 1,0% աղերով հողերը համարվում են ուժեղ, 0,5–0,7% միջին և 0,3–0,5% թույլ Ա. հ.։ 1%-ից ավելի աղերով հողերը կոչվում են աղուտներ։ Ա. հ. առաջանում են, երբ աղեր պարունակող ստորգետնյա ջրերը մոտ են հողի մակերևույթին, միջավայրի ջերմաստիճանը բարձր է, մթնոլորտային տեղումները սակավ։ Հողակլիմայական այդպիսի պայմաններում ստորգետնյա ջրերը բարձրանում են վեր, գոլորշիանում, իսկ աղերը կուտակվում են հողի վերին շերտերում։ Կան նաև երկրորդային Ա. հ., որոնք առաջանում են ագրոտեխնիկական միջոցառումների սխալ կիրառման և ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ա. հ–ում աճում են միայն աղասեր բույսեր, որոնք իրենց տերևներում, ցողուններում և այլ օրգաններում կուտակում են մեծ քանակությամբ աղեր։ Այս հանգամանքը երբեմն օգտագործվում է որպես Ա. հ–ի բարելավման կենսաբանական մեթոդ, ցանում են աղասեր բույսեր, վեգետացիայի վերջում հավաքում և այրում։ Ա. հ–ի աղազերծման հիմնական մեթոդը հողերի լվացազատումն է։ Ցամաքուրդային ցանցի անցկացման միջոցով (2,5–3 մ խորությամբ) իջեցվում է ստորգետնյա ջրերի մակարդակը, որպեսզի լվացազատած և հողի շերտերից հեռացված աղերը նորից վեր չբարձրանան։ Այնուհետև հողը վարում են, աշնանը մի քանի անգամ ոռոգում, ապա, պարարտացնելուց հետո, սկզբում մշակում բրինձ, առվույտ, շաքարի ճակնդեղ, բամբակենի, իսկ հետագայում՝ բանջարաբոստանային և պտղատու կուլտուրաներ։ Թույլ Ա. հ. կարելի է բարելավել նաև ագրոտեխնիկական միջոցառումներով (խոր վար, հաճա– խակի ոռոգում, պարարտացում գոմաղբով, բրնձի, առվույտի մշակում են)։ Ուժեղ սոդային աղակալած հողերի մելիորացումը շատ դժվար է, և չնայած աշխարհում այդպիսի հողերը գրավում են մեծ տարածություններ, այնուամենայնիվ դրանք գրեթե չեն իրացվում։ Լավագույն դեպքում օգտագործվում են որպես արոտավայրեր։
ՀՍՍՀ–ում Ա. հ. կան Արարատյան դաշտում. զբաղեցնում են մոտ 30 հզ. հա տարածություն։ Դրանք առաջացել են հողակազմող պրոցեսի ընթացքում և ունեն մարգագետնային ծագում։ Արարատյան գոգահովտի բիոկլիմայական առանձին գոտիների ջրընկալ հզոր ավազաններից ներհոսած, հողմահարված ջրալույծ նյութերով հագեցած ջուրը կուտակվում է Արարատյան դաշտում։ Կուտակված ինֆիլտրացիոն յուրը թույլ հոսքի պայմաններում վերածվում է արտեզյան գետնաջրերի։ Այն տեղամասերում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր Է, և ջրաաղային հաշվեկշիռը կարգավորվում է գոլորշիացմամբ, առաջանում են Ա. հ.։ ՀՍՍՀ–ում Ա. հ–ի մելիորացման արդյունավետ մեթոդները մշակվել են ՀՍՍՀ գյուղատնտ. մինիստրության հողազիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ում՝ 1960-ական թթ. սկզբներին։ Ոչ հիմնային ռեակցիա ունեցող Ա. հ–ի իրացման համար կիրառվում է ջրով լվացազատումը, աղուտա–ալկալի հողերի համար՝ քիմիական մեթոդը։ Մշակվող հողատարածություններում եղած առանձին ոչ մեծ աղակալած հողակտորների իրացման համար կիրառվում է խրամատա–բնային մեթոդը՝ խաղողի վազի և պտղատու ծառերի տնկումներով։ Սոդային աղակալած և ալկալի–աղուտ հողերի իրացման համար մշակվել է համալիր մեթոդ։ Քիմիական գործարանների օգտագործած ծծմբական թթվի թափոնը դաշտ ուղարկելուց առաջ նոսրացվում է ջրով, և ստացվում է մինչև 0,8–1% խտության լուծույթ, որով հավասարապես լվացվում է հողը։ Ծծմբական թթուն չեզոքացնում է հիմնային միջավայրը, դուրս մղում փոխանակային նատրիումը, հիդրոֆիլ կոլոիդները կոագուլացվում են, և կտրուկ նվազում է հողի մասնատվածությունը, որն ավելացնում է ջրի ծծանցումը և լվացազատման պրոցեսում հողից դեպի ստորգետնյա ջրերը աղերի դուրս բերումը։ Հիմնային ռեակցիայի չեզոքացման հետ միասին տեղի է ունենում մագնեզիումի և կալցիումի ածխաթթվային միացությունների քայքայում, գիպսի, ինչպես նաև նատրիումի ու մագնեզիումի ծծմբաթթվական աղերի առաջացում։ Ջրալվացազատման ժամանակ դյուրալույծ աղերը և նոր առաջացած միացությունները հողից հեռացվում են ցամաքուրդային ցանցով։ Լվացազատման ժամանակ գիպսը, իոնային կազմի և կլանող կոմպլեքսի փոփոխության հետևանքով, հողի վրա բարելավող ազդեցություն է թողնում։ Հողի հիմնային ռեակցիան չեզոքացնելու ժամանակ կալցիումի և մագնեզիումի կարբոնատների լուծելիությունը բարձրանում Է, և դրանց իոնները նույնպես մասնակցում են հողաբարելավման պրոցեսին։ Վերջին տարիներին որպես մելիորանտ կիրառվում է նաև լեռնահանքային արդյունաբերության երկաթարջասպ պարունակող թափոնը։Նայած հողերի աղակալածության աստիճանին, 1 հա–ի վրա ծախսվում է 50–120 տ ծծմբական թթու կամ 100–250 տ երկաթարջասպ և 30–60 հզ. մ³ ջուր։ Ա. հ–ի հետագա բարելավման համար կարևոր է նաև ցանքաշրջանառության ճիշտ ընտրությունը և ագրոտեխնիկայի արդյունավետ ձևերի կիրառումը։ Նպատակահարմար է առաջին տարին մշակել աշնանացան ցորեն, ապա 3–4 տարի՝ առվույտ, իսկ հետագայում՝ բանջարաբոստանային և պտղատու կուլտուրաներ։ Իրացված Ա. հ–ի 1 հա միջին բերքը կազմում է 30–40 գ աշնանացպն ցորեն, 80–100 գ առվույտ, 90–100 գ խաղող, պալմետային ձևավորված այգիներից՝ 200–250 ց պտուղ։
Ստորգետնյա ջրերի մակարդակը իջեցնելու համար ՀՍՍՀ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի, հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ների գիտնականները առաջարկել են տարբեր ձևի ցամաքուրդներ։ ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ում ստեղծվել է Ա. հ. փխրեցնող, խոր ճեղքեր փորող ՌՇՉՅԱ–3-120 մակնիշի մեքենա։ ՀՍՍՀ գյուղատնտ. մինիստրության բույսերի պաշտպանության ԳՀԻ մշակել է իրացված հողերում աճող մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումներ։ 1973-ին ՀՍՍՀ–ում իրացվել են շուրջ 1500 հա աղակալած հողեր։ Այս ուղղությամբ մշակված քիմիական մեթոդը և աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել աղակալած հողերի մելիորացիայի մեթոդների վերաբերյալ միջազգային սիմպոզիումում, որը կազմակերպվել է 1969-ի մայիսին, Երևանում։
Նկարում` 1. Սոդային աղուտ։ 2. Հացահատիկի բույսերի ցանքատարածություն մելիորացված աղուտում; 3 խաղողի այգի մելիորացված աղատում։ 4. Պալմետային պտղատու այգի մելիորացված աղուտում։
