Jump to content

ՀՍՀ/ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականություն ևն), որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան։ Ա–յան մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական ևն) սոցիալ–տնտեսական, քաղ. և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։

Աղանդավորական շարժումը միջնադարում ուղեկցել է մասնավորապես քրիստոնեությանը։ Քրիստոնեական աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական–գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության ու իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ ևն), ինչպես նաև բյուրգերականությունը (կատարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ)։ IV–V դդ. Հայաստանում տարածում ստացան բորբորիտների և մծղնեականների աղանդավորական շարժումները, իսկ VII դ. սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին։ IX–XI դդ. Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։ Ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական շարժումը, որը լայնորեն տարածվեց եվրոպական երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում (անաբապտիզմ, մենոնիտներ, քվակերներ, ադվենտիստներ ևն)։ Ռուսաստանում Ա–յան ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղավւարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմի տարիներին պայքարում էին սովետական իշխանության դեմ։

ՍՍՀՄ–ում, ուր հավատացյալների շրջանում աղանդավորների քանակը խիստ նվազել է, Ա–յան գաղափարախոսության բնորոշ առանձնահատկությունը կրոնը սոցիալիզմի պայմաններին համակերպելու, գիտության, տեխնիկայի և մշակույթի առաջընթացին, նույնիսկ կոմունիստական գաղափարախոսության հետ համատեղելու փորձերն են։ Ա. եղել և մնում է որպես մարդկանց գիտակցությունը մթագնող, կոմունիստական աշխարհայացքին հակադիր վարդապետություն։ Թ. Իսայան