ՀՍՀ/ԱՂԱՆՅԱՆ ԳՅՈՒՏ
ԱՂԱՆՅԱՆ Գյուտ քահանա (իսկական ազգանունը և անունը՝ Տեր–Առաքելյան Հարություն, 1856–1920), հայ պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, թարգմանիչ։ Ծնվել է մարտի 1-ին, Թիֆլիսում։ Ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը (1873), որտեղ և դասավանդել է 1876-ից։ 1880-ին ձեռնադրվել է քահանա։ 1896–1912-ին խմբագրել և հրատարակել է «Լումա» հանդեսը, աշխատակցել է «Մեղու», «Արձագանք», «Նոր դար» և այլ պարբերականների։ Թարգմանել է Մ. Սերվանտեսի, Չ. Դիկենսի, Հ. Սենկևիչի, Գ. Հոֆմանի ստեղծագործություններից, ինչպես նաև գրաբարից աշխարհաբար՝ Եղիշեի «Վարդանանց պատմություն»–ը։ Գրել է կրոնի դասագրքեր և տոմարական աշխատություններ։ Արևելահայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակել է պատի օրացույց (1889–1903)։ Ա–ի ամենամեծ գործը տասներեք ծավալուն հատորներով «Դիվան հայոց պատմության» ժողովածուն է (1893–1915)։ Այդտեղ ամփոփված են Կ. Պոլսի պատրիարքարանի, կաթողիկոսական դիվանի և մասնավոր անձանց մոտ եղած բազմաթիվ վավերագրեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի XVIII – XIX դդ. պատմությանը։ Հատորներն ունեն արժեքավոր առաջաբաններ և ծանոթագրություններ:
Ա. պահպանողական էր և հայ եկեղեցու ջատագով, պատմական խնդիրների լուսաբանմանը մոտեցել է եկեղեցու շահերի տեսանկյունից։
