ՀՍՀ/ԱՂԱՆՈՒՐ
ԱՂԱՆՈՒՐ (Aganoor, իսկական ազգանունը՝ Աղանուրյան) Վիտորիա (Վիկտորյա) (1855–1910), հայազգի իտալական բանաստեղծուհի։ Ծնվել է մայիսի 26-ին, Պադուայում, Մադրասից գաղթած հայ ազնվականի ընտանիքում։ 1881 – 1890-ին ապրել է Նեապոլում։ 1890-ից ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ։ Առաջին բանաստեղծությունները լայս են տեսել «Նոր անթոլոգիա» ժողովածուում, որը նկարազարդել է քույրը՝ Ելենան։ Առաջին գիրքն Ա. հրատարակել է 1900-ին։ «Նոր լիրիկա» (1908) ժողովածուում ամփոփված են Ա–ի քնարական բանաստեղծությունները, որոնց հիմնական մոտիվը սերն է։ Ա–ի մասնակցությամբ Ա. Ղազիկյանը հայերենի է թարգմանել նրա «Հավիտենական զրույց» (1905) և «Նոր երգեր» (1910) բանաստեղծությունների ժողովածուները։ Իր ստեղծագործություններում Ա. արտացոլել է նաև հարազատ ժողովրդի բախտը, հայրենի օթևանից զրկված իր եղբայրների վիշտը («Հեռավոր եղբայրներիս»)։ Մահացել է մայիսի 8-ին։
