ՀՍՀ/ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ–ՊԵՏՐՈՍ
ԱՂԱՋԱՆՅԱՆ Գրիգոր–Պետրոս (Աղաջանյան Ղազարոս Հարությունի, 1895–1971), կաթոլիկական եկեղեցու գործիչ, կարդինալ։ Ծնվել է սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ, ուսումն, հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919–21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921–32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լևոնյան վարժարանում դասատու, պրոռեկտոր, 1932-ից ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ։ 1960–70-ին գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը։ Ա. ջանացել է ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում, հատկապես «Երրորդ աշխարհ»–ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ, նոր թեմեր ու դպրոցներ։ Ա. Վատիկանի ազդեցիկ քաղ. դեմքերից էր, դավանաբանական և սոցիալ–քաղ. հարցերում հաճախ պաշտպանում էր աջ միտումները կաթոլիկության մեջ։ Վախճանվել է մայիսի 16-ին, Վատիկանում։
