ՀՍՀ/ԱՂԱՋԱՆՈՎԱ
ԱՂԱՋԱՆՈՎԱ (Աղաջանովա–Շուտկո) Նինա (Նունե) Ֆերդինանդի (ծն. 1889), հայազգի սովետական կուսակցական գործիչ, մանկավարժ, կինոսցենարիստ։ ՍՄԿԿ անդամ 1907-ից։ Ծնվել է հոկտեմբերի 27 (նոյեմբ. 8)–ին, Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ Սովորել է Եկատերինոդարի մանկավարժական դասընթացներում։ Անլեգալ կուսակցական աշխատանք է տարել Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո–Վոզնեսենսկում, Պետերբուրգում։ 1914–15-ին եղել է Պետերբուրգի Վիբորգյան կուս. կոմիտեի անդամ, 1914-ին՝ «Ռաբոտնիցա» ամսագրի պատ. քարտուղար։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է, աքսորվել։ Մասնակցել է 1917-ի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին. եղել է Պետերբուրգի և վիբորգի կուս. կոմիտեների անդամ, Պետրոգրադի սովետի Վիբորգի շրջանի պատգամավոր։ 1918–19-ին՛ աշխատել է ընդհատակում՝ Նովորոսիյսկում և Դոնի Ռոստովում, սպիտակգվարդիական զորքերի թիկունքում։ 1919-ին՝ ՌԿԿ(բ)–ի Դոնի ընդհատակյա մարզկոմի անդամ։ 1921–22-ին աշխատել է Պրագայի, 1934–38-ին Ռիգայի սովետական դեսպանատներում։ Կինոյում գործունեությունն սկսել է 1924-ից։ Ա–ի սցենարով Ս. էյզենշտեյնը 1925-ին նկարահանել է «Պոտյոմկին զրահանավը» կինոնկարը։ Դրել է նաև «Սպիտակների թիկունքում» (1925), «Կրասնայա Պրեսնյա» (1926), «Նավաստի Իվան Դալայը» (1929), «Դասալիք» (1933) կինոնկարների սցենարները։ 1945–52-ին սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ. ինստ–ում։
Գրկ. Эйзенштейн С., Избр. произвед., т. 1, М., 1964 (гл. «Нунэ»); Герои Октября, т. 1, Л., 1967.
