Jump to content

ՀՍՀ/ԱՂԱՎՆԻ (ԳՐՈՂ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂԱՎՆԻ (Գրիգորյան Աղավնի Արշակի, ծն. 1911), հայ սովետական գրող, ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է հուլիսի 15-ին, Կարսի մարզի Տայլար գյուղում։ 1918-ին գաղթել է Ալեքսանդրապոլ։ Ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը (1931)։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն է «Արտերի լիրիկան» (1930)։ Արձակ գործերից հայտնի է «Շիրակ» ինքնակենսագրական վեպը (հ. 1, 1954, լրիվ հրտ. 1963), որի մեջ հերոսուհու հիշողությունների ու տպավորությունների միջոցով բացահայտել է սոցիալական ու քաղաքական այն տեղաշարժերը, որ ապրել է հայ գյուղը սովետական կարգերի հաստատման և դրան նախորդած ժամանակաշրջանում։ Գրել է նաև պատմվածքներ («Հայրերի մանկությունը», 1959)։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով։

Երկ. Մանթաշ, Ե., 1934։ Ռազմի երգեր, Ե., 1941։ Բանաստեղծություններ, Ե., 1947։ Երևանյան երգեր, Ե., 1951։ Իրիկնամուտ, Ե., 1962։

Գրկ. Սովետահայ գրականության պատմություն, հ. 2, Ե., 1965։ Ֆ. Մելոյան