ՀՍՀ/ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ, մարդկային հասարակության անցյալի պատմության հուշարձաններ։ Իրենց բնույթով տարբեր են՝ գրավոր աղբյուրներ (ձեռագիր և տպագիր), արտադրության գործիքներ, կենցաղային իրեր, ճարտ. ու շինարարական հուշարձաններ ևն։ Որպես Ա. պ. օգտագործվում են նաև հին լեզվական տարրերը, գեղարվեստական գրականության, պատմական աշխարհագրության, ժող. բանահյուսության նյութերը ևն։ Պատմական աղբյուրների մեջ առավել նշանակալից տեղ են գրավում գրավոր հուշարձանները, որոնք կարելի է բաժանել երկու մասի՝ մատենագրական (պատմիչների երկեր, տարեգրություններ, ժամանակագրություններ, հիշատակարաններ, օրագրություններ, հուշագրություններ, զանազան իրերի վրա գրված կամ փորագրված արձանագրություններ, նամակներ ևն) և պաշտոնական (հրովարտակներ, պայմանագրեր, կոնդակներ, կանոնական և օրենսդրական ակտեր, հայտարարություններ, զանազան որոշումներ, զեկուցագրեր ևն)։ Գրավոր հուշարձանները լինում են բնագրեր և պատճեններ։ Յուրաքանչյուր դարաշրջանին հատուկ է աղբյուրների որոշակի տեսակ։ Պատմական աղբյուրների ուսումնասիրման մեթոդների մշակմամբ զբաղվում է աղբյուրագիտությունը։ Հայաստանի հնագույն պատմության մասին որոշակի տեղեկություններ պահպանվել են Թել–էլ–Ամառնայի (մ. թ. ա. XV դ.) ու Բողազքյոյի պեղումներից հայտնաբերված սեպագիր պնակիտների վրա և բաբելոնա–ասորեստանյան արձանագրություններում։ Նաիրի երկրի առաջին հիշատակությունը պահպանվել է Ասորեստանի թագավոր Սալմանասարի (մ. թ. ա. 1280–61) մի արձանագրության մեջ։ Ուրարտուի մասին տեղեկություններ են հաղորդում ուրարտ. սեպագիր արձանագրությունները։ Հին Հայաստանի մասին արժեքավոր աղբյուր է Բիհիսթունի արձանագրությունը։ Հայկ. աղբյուրներից կարևորագույն նշանակություն ունեն հայ պատմիչներ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդի, Հովհաննես Դրաստանակերտցու, Ասողիկի, Թովմա Արծրունու, Ստեփանոս Օրբելյանի և ուր. երկերը։ Կարևոր են նաև ձեռագիր մատյանների հիշատակարանները։ Աղբյուրագիտական լրացուցիչ տվյալներ են ընձեռում արաբական, բյուգանդական և մասամբ՝ ասորական սկզբնաղբյուրները։ Ավելի ուշ շրջանի համար արժեքավոր տեղեկություններ են պարունակում իրավաբանական և գեղարվեստական գրականությունը, արխիվային փաստաթղթերը, վիմական արձանագրությունները, ժամանակագրությունները, ինչպես նաև վրացական ու պարսկական աղբյուրները, եվրոպացի և ռուս ճանապարհորդների ուղեգրությունները, նյութական մշակույթի մնացորդները, վարքաբանական, դավանաբանական գրականությունը ևն։
