Jump to content

ՀՍՀ/ԱՂՎԱՆԻՑ ԵԿԵՂԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂՎԱՆԻՑ ԵԿԵՂԵՑԻ, միաբնակ եկեղեցի։ Ա. ե–ու առաջին եպիսկոպոսն է համարվում Գրիգորիսը, որը Հայաստանից գնացել է Աղվանք՝ քարոզելու նոր կրոնը, սակայն 338-ին նահատակվել է (Մազքթաց Սանատրուկ Արշակունի թագավորի կարգադրությամբ նրան սպանել են) և թաղվել Ամարասում։ Այնուամենայնիվ, քրիստոնեությունը տարածվել է Աղվանքում, դարձել պաշտոնական կրոն։ Նոր կրոնը խթան է հանդիսացել 415–420-ին Բենիամինի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանից գրերի հորինմանը, թեև Ա. ե–ում գործ էր ածվում հայերենը՝ իբրև Ժամասացության լեզու։ Ա. ե–ու եպիսկոպոսության կենտրոնը գտնվում էր Ամարաս գյուղում։ Եպիսկոպոսները ձեռնադրվում էին Հայոց կաթողիկոսից։ Սասանյանները հովանավորում էին հակաքաղկեդոնական–հակաբյուզանդական միաբնակ խմբավորմանը, որին գլխավորում էր Հայոց եկեղեցին։ 503-ին, Դվինում հրավիրված ժողովում, Ա. ե. հարեց միաբնակ եկեղեցուն, իսկ 551-ին, Դվինի նոր ժողովում, Հայոց և Աղվանից եկեղեցիները վերջնականապես հեռացան բյուգանդական պաշտոնական եկեղեցուց։ Այդ ժամանակից սկսած Ա. ե–ու ղեկավարը կրում էր «կաթողիկոս» տիտղոսը։ Ստեղծվեց Աղվանից կաթողիկոսությունը, որի գահակալները ենթարկվելու էին Հայոց կաթողիկոսին՝ կրելով «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողա» տիտղոսը։ Ա. ե–ու կենտրոնը դարձավ Աղվանքի նորակառույց մայրաքաղաք Պարսավը։ Աղվանից կաթողիկոսության առաջին գահակալն էր Աբասը (552–596)։ 609-ից, երբ վրացական եկեղեցին մերժեց միաբնակ եկեղեցու վարդապետությունը և հարեց բյուգանդականին, Ա. ե–ու թեմերը (Պարտավ, Չողա, Կապաղակ, Ամարաս, Հաշա, Տաղձանք, Մեծաբանից վանք, Գլխո վանք, Սադիան, Շաքի ևն) կազմեցին Աղվանից կաթողիկոսությունը։ Նրա ամառային նստավայրն էր Բերդակուր ամրոցը։

Ա. ե. հանդես էր գալիս իբրև բարձրացող ֆեոդալական ավագանու դասակարգային շահերի պաշտպան։ Աղվանքի Վաչագան Դ Բարեպաշտ թագավորի (487–510) նախաձեռնությամբ հրավիրված Աղվենի ժողովի մշակած կանոնները ապահովում էին հոգևորականության և ազնվականության իրավական և տնտեսական շահերը։ Ինչպես Հայաստանում, Աղվանքում ևս 591–626-ին ուժեղացավ քաղկեդոնականությունը, որի դեմ կատաղի պայքար էր մղում հայ–աղվանական հոգևորականությունը։ Այդ պայքարը կապված էր բյուգանդական կայսրության գերիշխանության ուժեղացման հետ։ Արաբների նվաճումներից հետո քաղկեդոնական եկեղեցու ազդեցությունը թուլացավ։ Ա. ե. մնում էր իբրև Հայոց եկեղեցու թեմերից մեկը։ IX– X դդ. Ա. ե–ու կենտրոնը դարձավ Փառիսոսի թագավորության Միափոր գավառի Խամշի վանքը։ 1240-ից սկսած բարձրացավ Գանձասարի վանքի եպիսկոպոսության հեղինակությունը, որի գահին ժառանգաբար նստում էին Հասան–Ջալալյանները։ XIV դ. վերջից Գանձասարը դարձավ Ա. ե–ու կաթողիկոսանիստ կենտրոնը, և Աղվանից կաթողիկոսությունն այնուհետև կոչվում էր Գանձասարի կաթողիկոսություն, որը ենթարկվում էր Էջմիածնի Հայոց կաթողիկոսին։ Կաթողիկոսանիստ Գանձասարը փաստորեն նաև Արցախի մելիքությունների հոգևոր և քաղաքական կենտրոնն էր։ XVII դ. կեսից մինչև XIX դ. Ա. ե–ու կաթողիկոսներն ունեին իրենց հակաթոռը (Խաչենի Երից–մանկանց վանքում)։ 1815-ին ցարական կառավարության հրահանգով Աղվանից կաթողիկոսությունը վերացավ։ Այս ժամանակվանից սկսած նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա մարզերում ու գավառներում ստեղծվեցին նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմ և մեկ հաջորդական վիճակ։

Առաջին առաջնորդական թեմի (Շուշվա կամ Արցախի) մեջ մտնում էին Վարանդա, Խաչեն, Դիզակ, Բերդաձոր, Ջրաբերդ, Գյուլիստան, Լանքարան, Շաքի, Կապաղակ, Հաջի, խենի, Կամբեճան և Արաշ գավառները։

Երկրորդ առաջնորդական թեմի (Շամախի կենտրոնով) մեջ մտնում էին՝ Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Սալյանի և հարևան մյուս գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ քաղաքը, նրան էին ենթարկվում Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։ Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային։

Աղվանից կաթողիկոսների անվանացանկ

Աբաս (551 -595), Վիրո (595-629), Զաքարիա (629 – 644), Հովհան (644–671), Ուխտանես (671–683), Եղիազար (683–689), Ներսես (689–706), Սիմեոն (706 – 707), Միքայել (707 – 744), Անաստաս (744–748), Հովսեփ (748-765), Դավիթ (765-769), Դա– վիթ (769–778), Մատթե (778-779), Մովսես (779-781), Ահարոն (781-784), Սողոմոն (784), Թեոդորոս (784–788), Սողոմոն (788-799), Հովհաննես [799–824, կաթողիկոսական աթոռը Պարտավից փոխադրեց Բերդակուր (Արցախում), Տրտու գետի ափը], Մովսես (824), Դավիթ (824–852), Հովսեփ (852–877), Սամուել (877–894), Հովնան (894–902), Սիմեոն (902-923), Դավիթ (923-929), Սահակ (929-947), Գագիկ (947–958), Դավիթ (958–965), Դավիթ (965–971), Պետրոս (971–987), Մովսես (987-993), Մարկոս, Հովսեփ, Մարկոս և Ստեփանոս (ըստ Մ. Գոշի և Կիրակոս Գանձակեցու ժամանակագրությունների, գահակալել են 993–1079-ին), Հովհաննես (1079– 1129), Ստեփանոս (1129–1131), որից հետո միառժամանակ (ըստ Մխիթար Գոշի՝ 8 տարի, իսկ ըստ Կիրակոսի՝ 25 տարի) Աղվանքը կաթողիկոս չունեցավ, Գագիկ մանուկ, որին ձեռնադրեցին՝ կոչելով Գրիգորիս (1139), Բեժգեն, որ ամուսնացավ ու կարգալույծ եղավ (1140), Ներսես (1149–1155), Ստեփանոս (1155–1195), Հովհաննես (1195–1235), որը Միափոր գավառում կառուցեց Խամշի վանքը և այն դարձրեց կաթողիկոսանիստ, Ներսես՝ եղբայր նախորդի (1235–1262), Ստեփանոս (1262–1323), Սուքիաս և Պետրոս (ըստ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի N 2561 ձեռագրի, գահակալել են 1323–1331-ին), Զաքարիա (հիշատակված 1331-ին), Դավիթ (հիշատակված միայն ցանկերում), Կարապետ (1402–1420), Հովհաննես (հիշատակված 1426–1428), Մատթեոս (հիշատակված 1434-ին), Աթանաս (ցանկերում գահակալած է համարվում մեկ տարի), Գրիգոր (ըստ ցանկերի), Հովհաննես՝ որդի Ջալալի (1441–1470), Ազարիա (ըստ ցանկերի), Մատթեոս (հիշատակված 1488-ին), Արիստակես (ըստ ցանկերի), Թումա Սոկյութլվեցի (հիշատակված 1471-ին), Ստեփանոս (հիշատակված 1476-ին), Ներսես (հիշատակված 1478-ին), Առաքել (1481–1497), Շմավոն (հիշատակված 1481-ին), Արիստակես (հիշատակված 1515–1516-ին), Սարգիս Ղշլաղեցի (հիշատակված 1554-ին), Գրիգոր՝ որդի Մեյրամբեկի (հիշատակված 1559–1574-ին), Պետրոս (1571), Դավիթ (հիշատակված 1573-ին), Փիլիպպոս Տումեցի (ցանկերում՝ գահակալած մեկ տարի), Հովհաննես՝ որդի Մեյրամբեկի (1574 – 1586), Դավիթ (հիշատակված 1584-ին), Աթանաս (հիշատակված 1585-ին), Շմավոն (1586–1611), Արիստակես Քոլատակցի (հիշատակված 1588-ին), Մելքիսեթ Արաշեցի (հիշատակված 1593-ին), Սիմեոն (հիշատակված 1616-ին), Պետրոս Խանձկեցի (1653 – 1675), Սիմեոն Խոտորաշենցի (1675–1701), Երեմիա Հասան–Ջալալյանց (1676–1700), Եսայի Հասան–Ջալալյանց (1702–1728), Ներսես հակաթոռ (1706–1736), Իսրայել՝ թոռնեղբայր Ներսեսի (1728 – 1763), Ներսես (հիշատակված 1763-ին), Հովհաննես Գանձասարեցի (1763–1786), Սիմեոն Խոտորաշենցի (1794–1810), Սարգիս՝ եղբայր Հովհաննես Գանձասարեցու (1810–1815)։ 1815-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսության միջնորդությամբ և ռուսական կառավարության հրամանով, վերացվեց Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսությունը, և նրա տեղ հաստատվեց միտրոպոլիտություն։ Սարգիս կաթողիկոսը 1815-ից մինչև 1828-ը՝ իր մահը, եղավ միտրոպոլիտ։ Այդ պաշտոնում նրան հաջորդեց իր եղբորորդի (Հասան–Ջալալյան տոհմից) Բաղդասարը՝ պատմությանը հայտնի մշակութային եռանդուն գործունեությամբ։

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1–3, Բեյրութ, 1959–61։ Ուլուբաբյան Բ., Աղվանից թագավորական տան հարցի շուրջը, «ԼՀԳ», 1971, N 7։