Jump to content

ՀՍՀ/ԱՃԱՌՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՃԱՌՅԱՆ Հրաչյա Հակոբի (1876–1953), հայ լեզվաբան, բանասեր։ ՀՍՍՀ ԳԱ ակադ. (1943)։ Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ (1897), Չեխոսլովակիայի արևելագիտական ինստիտուտի գիտական բաժնի թղթակից–անդամ (1937)։ Ծնվել է մարտի 8 (20)–ին, Կ. Պոլսում։ Ավարտելով Կ. Պոլս ի Կեդրոնական վարժարանը՝ պաշտոնավարել է Գատգյուղի Արամյան դպրոցում (1893) և Կարինի Սանասարյան վարժարանում (1894)։ 1895-ից սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Ա. Մեյյեին, ապա Ստրասբուրգում՝ Հ. Հյուբշմանին (1898)։ 1898-ից՝ ուսուցիչ Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Նոր Նախիջևանում, Թեհրանում, Թավրիզում։ 1923-ին հրավիրվել է Երևանի պետական համալսարան, մինչև կյանքի վերջը աշխատել որպես դասախոս, նաև ամբիոնի վարիչ։

Ա. մոտ 200 գիտական աշխատությունների հեղինակ Է։ Ուսումնասիրել Է հայերենագիտության բոլոր բնագավառները, հիմնադրել հայագիտության մի շարք ճյուղեր (հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն ևն), հատկապես զբաղվել է հայերեն թարթառների քննությամբ, նրանց պատմության ու դասակարգման խնդիրներով և ստեղծել բարբառագիտական հետազոտությունների իր մեթոդն ու տեսությունը։ Բարբառագիտական կարևորագույն աշխատություններն են «Հայ բարբառների դասակարգումը» (1909, ֆրանս.),. որն իբրև դիսերտացիա ներկայացրել է Սորբոնի համալսարանին, «Հայ բարբառագիտություն»–ը (1911) և «Հայերեն գավառական բառարան»–ը (1913), որ պարունակում է մոտ 30000 գավառական բառ։ Բայի սահմանական եղանակի ներկա և անցյալի անկատար ժամանակների կազմության հիման վրա, հայագիտության մեջ առաջին անգամ Ա. առաջարկել է հայերեն բարբառների ձևաբանական դասակարգումը՝ բաժանելով դրանք երեք ճյուղի՝ ում, կը, և շ։ ժամանակակից հայ բարբառագիտության հիմքը կազմող ձևաբանական դասակարգման այդ գլխավոր հատկանիշը զուգորդվում Է նաև գոյականների ներգոյական հոլովի կազմության առանձնահատկություններով։ Գտնելով, որ ժամանակակից հայերեն բարբառներն առաջացել են գրաբարից, Ա. այն տեսակետն է զարգացրել, որ V դ. եղել են հավանաբար չորս բարբառներ, որոնք ունեցել են չնչին տարբերություններ։ V դ. հետո դրանք աստիճանաբար խորացել են։ X–XI դդ. պատմականորեն արդեն գոյացել էր այժմյան բարբառների հիմնական մասը։

Շուրջ 40 տարվա անխոնջ աշխատանքի արդյունք է Ա–ի «Հայերեն արմատական բառարան»–ը (հ. 1–7, 1926–35), որը բարձր է գնահատել Ա. Մեյյեն՝ ասելով. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան» («Հայերեն արմատական բառարան», հ.7, էջ 205)։ Պարունակում է հայ հին և միջնադարյան մատենագրության մեջ գործածված 11000 արմատական բառ՝ բացատրություններով, քերականական և բառագիտական տեղեկություններով ու 5095 արմատի ստուգաբանությամբ։ Յուրաքանչյուր բառ–հոդված բաղկացած է հինգ բաժնից. ա. բառագիտական, որտեղ տրվում են գլխաբառի քերականական ձևերը, իմաստային բացատրությունները, հնագույն գործածությունների մասին եղած մատենագրական վկայությունները, տարբեր գրչությունները և ածանցավոր ձևերն ու բարդությունները, բ. ստուգաբանական՝ բառի ծագման պատմությունը, գ. պատմական՝ գլխաբառի ստուգաբանության պատմությունը, դ. բարբառագիտական՝ գլխաբառի զանազան ձևերը հայերենի 30 բարբառներում, ե. փոխառություններ, որտեղ ցույց է տրվում, թե հայերեն բառը որ լեզվին է անցել իբրև փոխառություն։ Արմատական բառարանն իր բովանդակած մեծահարուստ նյութով ու կառուցվածքով բացառիկ երևույթ է լեզվաբանական գրականության մեջ։

«Հայոց անձնանունների բառարան»–ում (հ. 1–5, 1942–62) Ա. հավաքել և ուսումնասիրել է V–XIII դդ. հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները՝ տալով դրանց մեծագույն մասի ստուգա– բանությունը, ինչպես և այդ անուններով հայտնի անձանց մասին համառոտ տեղեկություններ։

Հայերենի սոցիալական (արտաքին) պատմությանն է նվիրված «Հայոց լեզվի պատմությունը» (հ. 1–2, 1940–51)։ Այդտեղ Ա. ուսումնասիրել է հայերենի ծագման ու պատմական զարգացման ընթացքը, քննել բառամթերքի հարստացման պատմությունը, սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը զանազան լեզուներից կատարած փոխառությունների հիման վրա նկարագրել հայերենի տարբեր գրական արտահայտությունները (գրաբար, միջին հայերեն, արևելահայ և արևմտահայ աշխարհաբար), հայերենի բարբառային ճյուղերը և դրանց մեջ մտնող գլխավոր բարբառները։ Հատուկ քննության առարկա դարձնելով հայերենի առնչությունները հնդեվրոպական լեզվաընտանիքի տարբեր ճյուղերի հետ՝ Ա. վիճակագրական տվյալներով ճշտորոշել է հայոց լեզվի դիրքը ցեղակից լեզուների շարքում և գտել, որ այն միջին տեղն է գրավում իրանական, սլավոնական ու հունական ճյուղերի միջև։ Գրաբարի ուսումնասիրությանը նվիրված բաժիններում Ա. առանձին–առանձին բնութագրել է վիպասանական, «մեսրոպյան» (դասական), «հետմեսրոպյան», հունաբան և լատինաիան հայերենի հիմնական առանձնահատկությունները, լուծել հայերենի պատմության բազմաթիվ հարցեր։

Հայերենի պատմա–համեմատական ուսումնասիրությանն է նվիրված Ա–ի «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» բազմահատոր աշխատությունը (լույս են տեսել 1–6 հ., 1952–71, Ներածություն, 1955)։ Ուսումնասիրությունն այդտեղ ընթանում է երեք բաժնով. ա. ընդհանուր լեզվաբանական, որ աշխարհի բազմաթիվ լեզուների զուգադրական նկարագրությունն է. բ. համեմատական, որ հնդեվրոպական լեզուների և, մասնավորապես, հայերենի համեմատական քերականությունն է դասական հնդեվրոպաբանության մակարդակին ու մեթոդին համապատասխան, և գ. պատմական, որ հայերենի քերականական կառուցվածքի ներքին զարգացման ու փոփոխությունների պատմությունն է (V դ. մինչև աշխարհաբարն ու բարբառները)։ Աշխատությունը իր կառուցվածքով և ընդգրկած նյութով եզակի երևույթ է լեզվբ. գրականության մեջ և ունի հանրագիտական բնույթ։ Նրա մեջ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկություններն աշխարհի բազմաթիվ լեզուների և, մանավանդ, հայերենի քերականական կառուցվածքի զարգացման ու փոփոխությունների ողջ պատմական ընթացքի մասին։ Ի մի բերելով XIX–XX դդ. հայերենի պատմ. ու համեմատական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերված նվաճումները (դրանց մեջ առանձնապես կարևոր են Հ. Հյուբշմանի, Ա. Մեյյեի, Ա. Այտընյանի, Մ. Աբեղյանի, ինչպես նաև իր հետազոտությունները), հանգամանալից ու գիտական խստագույն քննության ենթարկելով զանազան հարցերի վերաբերյալ հայագետների արտահայտած կարծիքները՝ Ա. գիտականորեն հիմնավորված խոսք է ասել քննարկվող հարցերի մասին և տվել դրանցից շատերի սպառիչ լուծումը։ Հայագիտության համար առանձնապես կարևոր է հին հայերենի հոլովման ու խոնարհման համակարգերի պատմական զարգացման ու փոփոխությունների լուսաբանությունը, որ հիմնված է հայ մատենագրության տվյալների խոր վերլուծության վրա։ Ուշագրավ է հատկապես հայերենի բաղաձայնական համակարգի տեսությունը, ելնելովայնփաստից, որ հնդեվրոպական պարզ ձայնեղ և պարզ խուլ պայթականները տեղաշարժի են ենթարկվում, առաջինները վերածվելով խուլերի, երկրորդները՝ շնչեղ խուլերի կամ շփականների, իսկ շնչեղ խուլերն անփոփոխ են մնում, Ա. գտնում է, որ հնդեվրոպական շնչեղացած ձայնեղներն էլ անփոփոխ են մնացել գրաբարում, որով և բացատրվում է շնչեղացած ձայնեղ պայթականների առկայությունն արդի բարբառների մի մասում։

Ա. հաճախ է անդրադարձել ընդհանուր լեզվաբանական, տեսական խնդիրների քննությանը։ «Լիակատար քերականություն հայոց լեզվի» աշխատության ներածական հատորում ամբողջական արտահայտություն են գտել Ա–ի լեզվաբանական տեսական հայացքները։ Ա. անցել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին Եվրոպայում իշխող սոցիոլոգիական ուղղության Փարիզյան դպրոցի բովով՝ իր վրա կրելով նրա խիստ ազդեցությունը և շատ հարցերում մինչև վերջ կանգնած մնացել նույն դիրքերում։ Սակայն, մի կողմից լեզվաբանական հայացքների աստիճանական զարգացումը, մյուս կողմից լեզվական իրողությունների բազմակողմանի ուսումնասիրությունը նրան հնարավորություն են տվել ազատագրվելու սոցիոլոգիական ուղղության սահմանափակվածությունից և բազմաթիվ հարցերի լուսաբանության մեջ հասնելու իմացաբանական ու պատմական ավելի ճիշտ դիրքորոշման։

Ա. երեք մասից բաղկացած մենագրություն է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործունեության, հայ գրերի ստեղծման պատմության և Մեսրոպին ու հայ գրերին վերաբերող աղբյուրների մասին («Մ. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը», 1907, «Հայոց գրերը», 1928, 1968)։

Բացառիկ բարեխղճությամբ Ա. քննել է հայոց հին ձեռագրերը, կազմել տարբեր վայրերում պահվող ձեռագրերի ցուցակները («Ցուցակ հայերեն ձեռագրաց Թավրիզի», 1910, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր–Բայազետի», 1924, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Թեհրանի», 1936 ևն)։ Բանասիրական տեսակետից կարևոր է Եզնիկի՝ պահպանված միակ ձեռագրի համեմատությունը հրատարակված բնագրի հետ («Քննություն և համեմատություն Եզնկա նորագյուտ ձեռագրին», 1904, Գ. Մկրտչյանի հեղինակակցությամբ)։ Ա. զբաղվել է նաև հայ գրականության և հայոց պատմության հարցերով ու նվիրել ղրանց մի շարք ուսումնասիրություններ («Պատմություն հայոց նոր գրականության», 3 պրակ, 1906–12, «Տաճկահայոց հարցի պատմությունը», 1915, «Երվանդ Շահազիզ», 1917, «Տիկին Սրբուհի Տյուսաբ», 1951 ևն)։ Ա. թողել է ձեռագիր մեծարժեք աշխատություններ («Հայ գաղթականության պատմություն», «Հայ լեզվաբանական մատենագիտություն», «Հավաքածո պոլսահայ ֆոլկլորի», «Կարապետ Արևելցի», «Քննություն Սվեդիո բարբառի», «Քննություն Կիլիկիո բարբառի» ևն)։ Ա–ի անվամբ կոչված են ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտը (1964) և Երևանի № 72 միջնակարգ դպրոցը։ Մահացել է ապրիլի 16-ին, Երևանում։

Երկ. Քննություն Սուչավայի բարբառի, «Բազմավեպ», 1899։ Քննություն Ղարաբաղի բարբառի, Վաղ–պատ, 1901։ Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ, Մ. Վաղ–պատ, 1902։ Քննություն Նոր–Նախիջևանի (Խրիմի) բարբառի, Ե., 1925։ Քննություն Մարաղայի բարբառի, Ե., 1926։ Քննություն Ագուլիսի բարբառի, Ե., 1935։ Քննություն Նոր–Ջուղայի բարբառի, Ե., 1940։ Քննություն պոլսահայ բարբառի, Ե., 1941։ Քննություն Համշենի բարբառի, Ե., 1947։. Քննություն Վանի բարբառի, Ե, 1952։ Քննություն Առտիալի բարբառի, Ե., 1953։ Կյանքիս հուշերից, Ե., 1967։

Գրկ. Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Ե., 1962։ Ղարիբյան Ա. Ս., Հայ լեզվաբանության խոշորագույն ներկայացուցիչը, «ՊԲՀ», 1966, № 2; Ստեփանյան Գ. Խ., Հրաչյա Աճառյան, «ՊԲՀ», 1959, № 2–3։ Հրաչյա Հակոբի Աճառյան [կենսա–մատենագիտություն], Ե., 1956։ Է. Աղայան