ՀՍՀ/ԱՃՊԱՐԱՐ
ԱՃՊԱՐԱՐ (արաբ, աջաբ – զարմանալի + արար – զարմանալի բաներ անող), կրկեսի կամ էստրադայի արտիստ, որ տեսողական պատրանքի վրա հիմնվելով, օգտագործելով զանազան հնարքներ, ցուցադրում է իրերի, կենդանիներին մարդկանց հայտնվելը, չքանալը, փոխակերպվելը։ Ա–ները, ինչպես և ձեռնածուները հայտնի են հին ժամանակներից, նրանց արվեստի տարրերը կիրառվել են թափառաշրջիկ դերասանների (կատակագուսանների, լարախաղացների, հիստրիոնների, ժոնգլյորների) ներկայացումներում։ XIX դ. Փարիզում ելույթներ է ունեցել պատրանք ստեղծող սարքերի գյուտարար Ի. Գուդենը։ Աճպարարությունը կրկեսային արվեստի ժանրերից է, որը ներառում է նաև այլ ժանրերի տարրեր (ժոնգլյորություն, ակրոբատիկա)։ Ա–ները ներկայացումներում օգտագործում են հատուկ սարքավորում (աներևույթ զսպանակներով, կրկնակի հատակով արկղեր, հայելիների տարբեր համադրումներ ևն), կիրառելով բնատեխնիկական գիտությունների՝ օպտիկայի, մեխանիկայի ընձեռած հնարավորությունները։ Սովետական կրկեսի հայտնի Ա. է Կիոն։
