Jump to content

ՀՍՀ/ԱՄԱԶՈՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԱԶՈՆՆԵՐ, ամազոնուհիներ (<հուն. άμαζόνες – անստինք), հունական դիցաբանության մեջ ռազմիկ կանանց հասարակություն Պոնտոսում, Փոքր Ասիայի այլ մասերում, Թրակիայում, Կովկասում, Մերձազովյան շրջաններում։ Ա. տարեկան միայն մի անգամ են կապ հաստատել տղամարդկանց հետ՝ սերունդ ունենալու նպատակով։ Եթե ծնված երեխան տղա է եղել, սպանել են կամ ուղարկել հորը, իսկ աղջկան պահել են, վարժեցրել զինվորական գործի։ Նրանք կտրում կամ այրում էին իրենց աջ ստինքը, որպեսզի չխանգարի նետաձգությանը։ Այստեղից էլ՝ Ա. անվանումը։ Առասպելական Ա. վարժ հեծյալներ էին, հեռավոր արշավանքներ էին կատարում, օգնում տրոյացիներին՝ ընդդեմ հույների։ Ըստ դիցաբանության, հիմնել են մի շարք քաղաքներ (Զմյուռնիա, Եփեսոս ևն)։ Ա–ի մասին առասպելներ պահպանվել են շատ ժողովուրդների մոտ։ Այդ առասպելները մայրիշխանության մասին աղոտ հիշողությունների արտացոլումն են։ Ա. Առաքելյան