Jump to content

ՀՍՀ/ԱՄԱՆՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԱՆՈՐ (<ամ – տարի + նոր), հայկական ազգային օրացույցի առաջին, Նոր տարվա տոնը։ Կոչվել է նաև կաղանդ, տարեմուտ, տարեգլուխ։ Անցել է զարգացման մի քանի թուլ՝ արտահայտելով ժողովրդի կյանքում կատարված սոցիալ–պատմական և մշակութային տեղաշարժերը։ Ա–ի հնագույն փուլը կապվում է գարնան՝ բնության զարթոնքը նշանավորող Բարեկենդան տոնի հետ, որի ծիսակարգը կատարելիս «Առաջինին» (առաջին հանդիպում, առաջին պտուղ և առհասարակ ամեն ինչի առաջնեկին) վերագրում էին իրենից հետո եկող նման առարկաների և երևույթների վրա ներազդելու հմայական հատկության։ Կատարվում էին ծիսական երգեր, պարեր, խաղեր, ժողովրդական–թատերական ներկայացումներ՝ ցուցադրելով այն ամենը, ինչի սպասում էին նոր տարվանից։ Հայկական տոմարի զարգացման հաջորդ փուլում Ա. տեղափոխվում է Նավասարդի 1 (օգոստոսի 11, տես Նավասարդ)։ Մինչև Ա–ի տոն դառնալը Նավասարդը ժողովրդի կենցաղում կար որպես աշնանային բերքահավաքի տոն։ Քրիստոնեության մուտքից հետո Ա. հարմարեցվել է Քրիստոսի ծննդյան տոնին։ Չնայած դրան, մինչև XIX դ. վերջը ժողովուրդը շարունակել է մեծ հանդիսավորությամբ կատարել գարնանը՝ բնության զարթոնքի, աշնանը՝ բերքահավաքի տոները։ XVIII դ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հայերը նույնպես հունվարի 1-ն ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ա–ի տոն, որը հիմնականում կրկնում էր ազգային ամանորյա տոների ծեսերը։ Պահպանվում էին Ա–ի առթիվ իրար շնորհավորելու, մարդկանց, կենցաղային իրերի, անասունների նմանությամբ ծիսական հացեր թխելու և հանդիսավորությամբ ատելու, գուշակություններ կատարելու ծեսեր։ Պահպանվեցին նաև մեռնող և հարություն առնող բնության զարթոնքին նվիրված ծեսեր։ Ա–ի ծիսական փնջի մեջ արտահայտված է հայ ժողովրդի հասարակական– տնտեսական և մշակութային կյանքը և դրա համար էլ համանման է եղել ամբողջ Հայաստանում։ Այժմ Ա–ի գաղափարական, հմայական և ծիսական նշանակությունը մոռացվել է, մնացել է միայն հանդիսավոր ու կենցաղային կողմը։ Տես նաև Նոր տարի։

Գրկ. Տեր–Մինասյան Վ., Անգիր դպրություն ե հին սովորություններ, հ. 1–2, ԿՊ, 1904։ Ալիշան Ղ., Տին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, [2 հրտ.], Վնտ., 1910։ Ղափանցյան Գ., Արա Գեղեցկի պաշտամունքը, Ե., 1944։ Ադոնց Ն., Հին հայոց աշխարհայացքը, նրա «Պատմական ուսումնասիրություններ», Փարիզ, 1948, գրքում։ Պողոսյան Ե., Նոր տարվո տոնը հին և նոր հայոց քով, Վնն., 1952։ Ա. Օդաքաշյան