Jump to content

ՀՍՀ/ԱՄԱՍԻԱՅԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԱՍԻԱՅԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիս–արևմտյան մասում։ Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 614 կմ²։ Արևմտյան մասով անցնում է ՍՍՀՄ–Թուրքիա պետական սահմանը։ Կենտրոնը՝ Ամասիա։

Նկարում` Ախարյան գետը Ամասիայի շրջանում։

Բնական պայմանները։ Ա. շ. ընդգրկում է Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանը՝ Աշոցքի գոգավորության արմ. մասը։ Շրջանի հվ. մասով անցնում է Շիրակի լշ. արմ. վերջավորությունը։ Արմ. եզրավորվում է Եղնախաղ լշ–ով (Ղուկասյան լ., 3042 մ, Եռակատար լ., 3010 մ)։ Մակերևույթը լեռնոտ է՝ հանգած հրաբխային կոների, լեռնազանգվածների և նրանց միջև ընկած սարավանդների ու գոգավորությունների զուգակցումով, կտրտված Ախուրյան գետի կիրճով։ Տերիտորիայի 28% գտնվում է 1500–2000 մ բարձրության վրա, 72%՝ 2000 մ–ից ավելի բարձրության վրա։ Կլիման խիստ է, ձմեռը երկարատև՝ ուժեղ սառնամանիքներով։ Այստեղ է գտնվում ՀՍՍՀ և Կովկասի ամենացուրտ վայրը՝ Շուրաբադը (-46° C)։ Գարունը ցուրտ է, ամառը՝ զով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 0°–ից 6°C։ Հվ. ցածրադիր մասերում հունվ. միջին ջերմաստիճանը -10° C է, բարձրադիր մասերում՝ -12° C, հուլիսինը՝ համապատասխանաբար 16°C, 12 °C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 31° C է։ Անսառնամանիք օրերի թիվը հասնում է 130–150։ Տարեկան տեղումները 500–600 մմ է։ Մեծ գետը Ախուրյանն է (ունի ոռոգիչ նշանակություն)։ Հարուստ է աղբյուրներով։ Շրջանի հս–արմ. մասում է գտնվում Արփի լիճը։ Գերակշռում են խոնավ–աղազերծ, տեղ–տեղ պարարտ լեռնային սևահողերը։ Հվ. մասում չափավոր խոնավ լեռնա–կարբոնատային սևահողեր են, բարձրադիր լեոնալանջերին՝ լեռնամարգագետնային դարչնագույն հողեր։ Տիրապետողը մարգագետնա–տափաստանային բուսականությունն է, հվ. մասերում՝ տարախոտա–հացազգիները։ Բարձրադիր լեռնալանջերը ծածկված են ալպյան մարգագետիններով։ Վայրի կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, խայտաքիս, լուսան, դաշտամուկ։ Արփի լճում կա ձկան մի քանի տեսակ։ Ունի ոսկու, մկնդեղի, քրոմի արդյունաբերական նշանակություն չունեցող հանքավայրեր, կրաքարեր և շինարարական ավազ։

Բնակչությունը։ Ա. շ–ում բնակվում է 19724 մարդ (1972), ադրբեջանցիներ (70% ), հայեր (29% ), ապրում են նաև ռուսներ։ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ² վրա 31 մարդ։ Համեմատաբար խիտ է բնակեցված շրջանի հարավը։ Ունի 26 բնակավայր։ Բնակչության բնական աճով 2 անգամ ավելի է ՀՍՍՀ միջին ցուցանիշից և առաջինն է հանրապետության շրջանների մեջ (1000 շնչին՝ 46 մարդ, 1965)։ 1926–66–ին բնակչությունը կրկնապատկվել է։

Քարտեզը տես 272 էջից հետո՝ ներդիրում։

Պատմական ակնարկ։ Մինչև հեղափոխությունը Ա. շ. մտնում էր Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Ա. շ. դարձյալ կազմում էր նույն գավառի (որը 1924 թվականից կոչվեց Լենինականի գավառ) բաղկացուցիչ մասը և հարևան Ղուկասյանի շրջանի հետ միասին կոչվում էր Աղբաբայի գավառակ։ Ա. շ. նախասովետական Հայաստանի հետամնաց շրջաններից մեկն էր. բնակչությունը հիմնականում զբաղվում էր կիսաքոչվորական անասնապահությամբ։ Չուներ արդյունաբերություն։

Առաջին համաշխարհային պատերազմի, ապա 1918 և 1920-ին թուրքական զորքերի՝ Ամասիայի շրջանը ներխուժելու հետևանքով լիովին քայքայվել էր շրջանի առանց այն էլ թույլ զարգացած տնտեսությունը, թալանվել էր բնակչությունը, մոլեգնում էին սովը, վարակիչ հիվանդությունները։ Հայաստանում սովետական իշխանության հաստատմամբ Ա–ի շրջանի աշխատավորությունը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնմանը և գյուղում կուլտուրական հեղափոխության իրականացմանը։ Մինչ–սովետական Ամասիայում չկար ոչ մի դպրոց։ 1923-ին արդեն գործում էր 7 դպրոց, իսկ 1925–26-ին՝ 16 վեցամյա և տարրական դպրոց՝ 1060 աշակերտով։ Շրջանում հաղթանակեցին կոլտնտեսային կարգերը։ Ա. շ–ում առաջին ՄՏԿ ստեղծվել է 1936-ին։ Կարևոր էր նաև առողջապահական սիստեմի ստեղծումը (1926)։ Շրջկենտրոնում բացվեց հիվանդանոց (1936)։ Խաղաղ աշխատանքն ընդհատեց Հայրենական պատերազմը։ Ա. շ–ից ռազմաճակատ մեկնեց 1767 մարդ, որոնցից 888 զոհվել են։ Շրջանի աշխատավորները մասնակցեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծմանը։

Ա. շ–ի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին, Ալեքսանդրապոլի գավառային կազմակերպության կազմում, իբրև Աղբաբայի գավառակային կազմակերպություն։ Գավառների վերացումից հետո, 1930-ի սեպտեմբերի 30-ին, Ա. շ–ի կուսակցական կազմակերպությունը դարձավ ինքնուրույն։ 1973-ի հունվարի 1-ի դրությամբ Ա. շ–ում կար 49 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 896 կոմունիստներով, կազմակերպությունն ունեցել է 23 կոնֆերանս։ Կոմերիտական կազմակերպությունը ևս զգալիորեն աճել է և ունի 68 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 2390 կոմերիտականներով։

Ա. շ. հարուստ է մ. թ. ա. 111–11 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամրոցներով (Բանդիվան, Թափաքյոյ, Բալըխլի, Կուզիքենդ և այլ գյուղերում) և միջնադարյան եկեղեցիներով (Չախմախ, Թափաքյոյ, Կուզիքենդ գյուղերում)։

Շրջանի անունը նոր է. նախկինում կոչվում էր Աղբաբա։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի մեջ՝ հարակից շրջանների հետ միասին կազմելով նրա Կանգարք գավառը։ Բագրատունիների օրոք մտնում էր Անի–Շիրակի կենտրոնական թագավորության մեջ, իսկ հետագայում, սելջուկյան կարճատև տիրապետությունից հետո, գտնվում էր Զաքարյան իշխանների տիրապետության ներքո։ Ա. շ. Շիրակի բաղկացուցիչ մասն է և նրա հետ միասին ազատագրվել է թուրք–պարսկական լծից XIX դ. սկզբներին։

Տնտեսությունը։ Սովետական իշխանության տարիներին Ա. շ–ում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել դաշտավարության մեջ։ Անցյալում գրեթե չկային ոռոգվող հողեր, ներկայումս Ախուրյան գետի վրա կառուցված Գյուլլիբուլաղի ջրհան կայանի շնորհիվ 3141 հա ոռոգելի է։ Ախուրյանի աջափնյա ջրանցքի կառուցումով ոռոգվող հողատարածությունները կհաս– նեն 6600 հա–ի։ Հողային ֆոնդը 60,8 հզ. հա է (1972), որի 50% է պիտանի գյուղատնտեսության համար։ Ունի 18 հզ. հա բնական խոտհարքներ ու արոտավայրեր, 13,6 հզ. հա վարելահողեր։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնատու անասնապահությունն է, հվ. մասերում նաև երկրագործությունը։ 1972-ին շրջանում կար 22,4 հզ. գլուխ խոշոր և 77,3 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն։ Անասնապահությունը տալիս է շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 2/3-ից ավելին։ Երկրագործության մեջ գերակշռում է հացահատիկային ե կերային կուլտուրաների մշակությունը։ Հացահատիկի ցանքային տարածությունը 4,7 հզ. հա է։ Մշակվում են ցորեն (հվ. մասերում) ե գարի (հս. բարձրադիր մասերում), ինչպես նաև շաքարի ճակնդեղ և ծխախոտ։ Համեմատաբար թույլ են զարգացած խոզաբուծությունը, թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը։ Բնական–հումքային ռեսուրսների բացակայության պատճառով Ա. շ–ում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան։ Գլխավոր ճյուղը յուղի–պանրի արտադրությունն է, որը տալիս է արդյունաբերության համախառն արտադրանքի 95% (մոտ 1548 հզ. ռ.)։ Արտադրվում է շվեյցարական պանիր, որի մեծ մասն արտահանվում է։ Հիմնական ձեռնարկություններից են Ամասիայի, Շուրաբադի պանրագործարանները, ձկնաբուծական գործարանը են։ Երկաթուղին անցնում է շրջանի տերիտորիայից 10–30 կմ հեռավորության վրա։ Հաղորդակցությունը շրջկենտրոնի ե Լենինականի միջև կատարվում է Լենինական–Ամասիա–Շուրաբադ խճուղով։ Ամասիա–Ցողամարգ խճուղով (8 կմ) Ա. շ. կապվում է Լենինական–Ստեփանավան–Թբիլիսի խճուղու հետ։ Ունի 36 կմ հանրապետական ենթակայության և 117.3 կմ տեղական ճանապարհներ։ Բոլոր բնակավայրերը ավտոմոբիլային տրանսպորտով կապված են շրջկենտրոնի և Լենինականի հետ, ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից։ 7 բնակավայրում կան կապի բաժանմունքներ։

Առողջապահությունը։ Ա. շ–ում կա 3 հիվանդանոց (Ամասիա, Գյուլլիբուլաղ, Թափաքյոյ)՝ 125 մահճակալով, 18 բուժական–մանկաբարձական կետ, 17 բժիշկ, 84 միջին բուժաշխատող։ Ամասիայի շրջանային հիվանդանոցին կից գործում է շտապբուժօգնության կայանը։ Բնակչությանը բուժական օգնություն են ցույց տալիս նաև Լենինականի առողջապահական հիմնարկները։

Մշակույթը։ 1972/73 ուսումնական տարում շրջանում գործել է 26 հանրակրթական դպրոց, որոնցից 9 միջնակարգ, 20 ութամյա և տարրական (6217 աշակերտ, 433 ուսուցիչ, որից բարձրագույն կրթությամբ՝ 178)։ Շրջանն ունի 28 գրադարան (150 հզ. կտոր գիրք), 26 մշակույթի տուն և ակումբ։ 7 բնակավայր ունեն կինո։ Լույս է տեսնում «Աշխատանք» շրջանային թերթը։

Պատկերազարդումը տես աղ. IX, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

Ամասիայի շրջանի բնակավայրերը

Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ագիզբեկով գյուղ 222 1467
Ամասիա քտա 555 2786
Բալըխլի գյուղ 66 402
Բայթար գյուղ 58 187
Բանդիվան գյուղ 61 334
Գյոլլի գյուղ 130 681
Գյուլլիբուլաղ գյուղ 395 2459
Գյուլլիջա գյուղ 162 818
Դուզքենդ գյուղ 100 516
Ենի–յոլ գյուղ 174 1072
էլլար գյուղ 64 292
Թափաքյոյ գյուղ 107 772
Իբիշ գյուղ 68 382
Իլլի գյուղ 82 410
Կուգիքենդ գյուղ 147 865
Ղարաբուլաղ գյուղ 46 215
Ղոնջալի գյուղ 51 265
Մաղարաջուղ գյուղ 157 860
Մեղրաշատ գյուղ 66 330
Շուրաբադ գյուղ 38 219
Չախմախ գյուղ 39 197
Չայբասար գյուղ 87 501
Չիվինլի գյուղ 86 521
Ջրաձոր գյուղ 61 343
Օքսյուզ գյուղ 45 241
Օխչօղլի գյուղ 241 1412

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։ Ռ. Հովեսյան, Մ. Բայրամով