Jump to content

ՀՍՀ/ԱՄԱՍԻԱ (ՔԱՂԱՔ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԱՍԻԱ, քաղաք Թուրքիայում, Ամասիայի վիլայեթի կենտրոնը։ Գտնվում է Եշիլ–Իրմակ գետի ափին։ Երկաթուղային կայարան է Սամսուն–Սվազ գծի վրա։ 38,5 հզ բն. (1970)։ Ունի շաքարի արդյունաբերություն, գործվածքեղենի ու գորգի արտադրության մանր ձեռնարկություններ։ Բնակիչներն զբաղվում են նաև առևտրով (արտահանում են հացահատիկ, ալյուր, բուրդ, մրգեր, կաշի, հաշիշ ևն) և գյուղատնտեսությամբ։ Ա. աշխարհի հնագույն քաղաքներից է։ Ըստ ավանդության, Ա. հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացու հորեղբայր Ամասիան մ. թ. ա. IV դ.։ 302–ից Ա. դարձել է Պոնտոսի թագավորության կենտրոնը։ Ռազմական կարևոր հենակետ էր մ.թ.ա. 89–87, 73–71 և 66 թթ. հռոմեացիների դեմ Պոնտոսի մղած պատերազմներում։ Հետագայում քաղաքն անցել է բյուզանդացիներին։ 1075–ին Ա. գրավել են սելջուկները, 1246–ին մոնղոլները, իսկ 1397–ից տիրացել են թուրքերը։

Քաղաքում կան պատմական շատ հուշարձաններ՝ հնամենի քարայրներ, միջնադարյան շինություններ, բերդեր, կամուրջներ, նոր շրջանի եկեղեցիներ, մզկիթներ ևն։ Քաղաքը մեծապես տուժել է 1734–ի և 1825–ի երկրաշարժերից։ Հնադարյան քաղաքից կանգուն են մնացել բերդի պատերը և պոնտական թագավորների ժայռափոր գերեզմանները։

Հայերը Ա–ում բնակություն են հաստատել շատ վաղ ժամանակներից։ Ա. Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր հրամանով (536) ստեղծված Երկրորդ Հայք կուսակալության կենտրոնն էր։ 712–ին Բյուզանդիան ստեղծում է Հայկական բանակաթեմ, որի կենտրոնը դարձյալ Ա. էր։ 1064–ին Ա. դառնում է Կարսի Գագիկ Բագրատունի թագավորի կալվածքը։ XX դ. սկզբին Ա. ուներ 12 հզ. հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին արհեստներով և առևտրով։ Հռչակված էր Ա–ի հայ ջուլհակների պատրաստած գործվածքեղենը։ Հայերի ձեռքում էր գտնվում նաև առևտուրը։ Տեղացի հայերը ստեղծել են մետաքս մանող և ալրաղաց մեքենաներ։ XIX դ. երկրորդ կեսին Ա–ում գործել են բազմաթիվ մշակութային և կրթական ընկերություններ (Պարթևական, Ուսումնասիրաց, Ներսեսյան, Ընթերցասիրաց, Դպրոցասիրաց, Կանանց կրթասիրաց, Հայրենասիրաց ևն)։ Ա–ում եղել է կանանց կար ու ձևի արհեստանոց–ուսումնարան։ 1909–ին հայերն ունեին «Իրիս» թատերական ընկերությունը։ Ա–ում լույս են տեսել «Ապառաժ» շաբաթաթերթը, նույն անունով ամսագիրը (1911) և «Ամասիա» կիսամյա հանդեսը (1911 – 12)։ Հտայերն ունեին յոթ դպրոց՝ 5 արական, 2 իգական, 5 մանկապարտեզ, հիվանդանոց, ուխտատեղիներ (Ա. Հովհաննես, Քառասուն մանկունք, Ս. Թորոս) և երկու վանք (Ս. Աստվածածին, Ս. Արիստակես)։ 1895–96–ի համիդյան ջարդերին զոհ դարձան 1000–ից ավելի հայեր։ 1915–ին հայերը տեղահանվեցին, մեծ մասը ոչնչացավ, իսկ փրկվածները գաղթեցին Սիրիա, Լիբանան։ Ա–ում ապրում է մոտ 300 հայ (1971)։ Ա–ում են ծնվել հույն մեծ աշխարհագրագետ Ստրաբոնը (մ. թ. ա. մոտ 63 – մ. թ. մոտ 20), հայ նշանավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) և ուրիշներ։

Գրկ. Սիմոնյան Գ.Հ., Հուշամատյան Պոնտական Ամասիո, Վնտ., 1966։