Jump to content

ՀՍՀ/ԱՄԱՐԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԱՐԱՍ, գյուղաքաղաք Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում։ Գտնվում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջկենտրոնից 10 կմ դեպի հվ–արլ., Խազազի և Լուսավորչի ցածրադիր սարերի միջև ընկած գոգավորությունում։ IV դ. սկզբին Գրիգոր Լուսավորիչն Ա–ում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ V դ. վերջին Գրիգորիսի գերեզմանի վրա Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է մատուռ, որն այժմ էլ գոյություն ունի (մայր եկեղեցու ներսում, ավագ խորանի ներքո)։ Ա. գավառի ոչ միայն հոգևոր (եպիսկոպոսանիստ), այլև մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոնն էր։ V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ա–ում բացել է Արցախի առաջին դպրոցը։ Արաբական տիրապետության շրջանում Ա. մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության՝ գավառով հանդերձ, և ժողովուրդը IX դ. Առանշահիկ իշխաններ Սահլ Սմբատյանի, ապա Եսայի Աբու–Սուսեի գլխավորությամբ ջախջախել է ասպատակիչներին։ Ա–ի վանքը ներփակված էր հաստավեմ պարիսպներով և վտանգների դեպքում դառնում էր բերդամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։ Այդ պատճառով Ա–ի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության թուրք–սելջուկների և թաթար–մոնղոլների կողմից։ Սակայն միշտ էլ արագորեն վերականգնվել է ու շենացել։ Այս հիմքի վրա ստեղծվել է նույնիսկ ժողովրդական մի հայտնի ավանդություն, ըստ որի հերթական բռնավորը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը և, որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը. զինվորները վանքի քարերն իրար տալով՝ թափում էին գետը։ Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքը իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում։ Ա–ի վանքն ամենածանր ավերածության ու թալանի է ենթարկվել XIII դ. վերջին, մոնղոլական Աբաղա խանի հրոսակների կողմից։

Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, XIV դ. վերջին, Ա. խիստ ավերվեց։ Բայց Ա–ի վանքը չկորցրեց եպիսկոպոսական աթոռը։ XV–XVI դդ. ծանր պայմաններում անգամ Ա. մնում էր որպես մշակութային աշխույժ կյանքով ապրող միաբանության կենտրոն։ Այնտեղ անընդմեջ գործում էր դպրոցը, ստեղծվում էին թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեզ։ 1664-ին վանքի ծախսերով Հերհեր գյուղի մոտ կառուցվել է Ա–ի առաջնորդության ամառանոց–եկեղեցին՝ Ա. Գրիգորիս անվամբ։ Ա–ի մայր եկեղեցին կառուցված է Շուշիի քարհանքի բաց մոխրագույն սրբատաշ որձաքարով։ Չորս գեղեցիկ սյուների վերևում կիսաբոլոր կամարներն են, որոնց վրա հենված է գմբեթավոր ձեղունը։ Տաճարի սրահի երկարությունը 23 մ է, լայնությունը՝ 13,33 մ։ Պահպանվել են պարիսպները, ինչպես նաև վանքի օժանդակ շինությունների մեծ մասը։

Գրկ. Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Բարխուդարյանց Մ., Արցախ, Բագու, 1895։ Ա. Երեմյան, Ս. Բարխուդարյան