Jump to content

ՀՍՀ/ԱՄԲԵՐԴ (ԲԵՐԴԱՔԱՂԱՔ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԲԵՐԴ, Անբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է X դ. պատմական Արագածոտն գավառում, Բյուրական գյուղից 1 կմ հս., Արագած լեռան հվ. լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանի վրա։ Բարձրությունը 2300 մ է։ Ըստ Ն. Մ. Տոկարսկու, դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դ., Կամսարականների օրոք։ X դ. պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ XI դ. 70-ական թթ. սելջուկները գրավեցին այն և դարձրեցին զորակայան։ 1196-ին Զաքարե ամիրսպասալարը հայ–վրացական միացյալ զորաբանակով Ա. ազատագրեց սելջուկներից։ Ամրոցը որպես սեփականություն անցավ նրան։ XIII դ. սկզբին Ա. դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին մոնղոլները գրավեցին և գրեթե հիմնովին ավերեցին Ա.։ XIII դ. վերջին Վաչուտյանները վերակառուցեցին ամրոցը։ Ա. իր նշանակությունը կորցրեց թուրք–թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք, XIV դ. վերջերին։

Պահպանվել են Ա–ի դղյակի և բերդապարիսպների ավերակները, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ . ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ XIII դ. վերջին Վսւչուտյանները դղյակի հս–արմ. մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հս. կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հս–արմ., ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 մ² մակերես։ XII – XIII դդ. հս. կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։ Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի

Նկարում` Ամբարձիկների տիպերը, ա. լծակավոր ձողային, բ. ատամնավոր փոխանցում ունեցող ձողային, գ. պտուտակային՝ սահուղու վրա, ե. շոգեքարշային, զ. հիդրավլիկ, թ, ժ. անընդհատ գործողության հիդրավլիկ։ վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ։

Ա–ի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին՝ 1026-ին։ Դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով, տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արլ. ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։ Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հվ. ճակատից: Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ (ներսում, հս. պատի վրա)։

Դղյակից հարավ, արլ. պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X–XI դդ.), որը թաղածածկ քարե շենք է՝ փոքրիկ հանդերձարանով, համե–

Նկարում` Ամբերդի գլխավոր հատակագիծը; 1. Դղյակը։ 2. Ջրամբար։ 3. Դղյակի մուտքը։ 4. Բերդամիջի ջրամբարը։ 5. Մատուռը։ 6. Բաղնիք։ 7. Եկեղեցին։ 8. Հյուսիսային մուտքը։ 9. Հյուսիս–արևմտյան մուտքը։ 10. Պատերի Ա այլ շինությունների մնացորդներ ամրոցի ներսում։

Նկարում` Ամբերդի դղյակ–ամրոցը (1026)։ Ձախից՝ տեսքը և եկեղեցին հյուսիսից։ Աջից՝ պատերը հյուսիս–արեմուտքից։ մատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Ջուրը բաղնիք է բերվել կավե փողրակներով, իսկ տաք ջուրը լողասրահ՝ երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխն անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով՝ տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ա–ի ջուրը բերվել է կավե խողովակներով, 4–5 կմ հեռավորությունից։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ։ Բերդաքաղաքի հվ–արմ. կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի)՝ պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Ա.պեղվել է 1936-ին, ՀՍՍՀ պատմության և գրականության ինստիտուտի ու Լենինգրադի պետ. Էրմիտաժի միացյալ ուժերով, ակադ. Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ 1963-ից Ա–ում աշխատանքներ է կատարում ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ ևն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտ., ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1 -2, Ե., 1942–48։ Հարությունյան Ս. Վ., Անբերդի պաշտպանական սիստեմը, «ՊԲՏ», 1967, №1։ Токарский Н. М., Архитектура Армении, IV–XIV вв., Е., 1961; Amberd, Milano, 1972 (Documenti di architettura Armena). Կ. Ղաֆադարյան