ՀՍՀ/ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔ
ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔ, միջազգային պայմանագրերով սահմանված իրավական ռեժիմ, ըստ որի կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում միմյանց տրամադրել այնպիսի իրավունքներ, արտոնություններ ու առավելություններ, որոնցից օգտվում է կամ կօգտվի որևէ երրորդ պետություն։ Ա. ա. ս. կիրառվում է պետությունների առևտրական և տնտեսական հարաբերությունների բնագավառներում։ Հայտնի են Ա. ա. ս. անպայման կամ անհատույց և պայմանական կամ հատուցանելի (փոխհատուցման կամ համարժեքի) ձևերը։ Առաջին ձևը ենթադրում է կողմերի պարտավորությունը՝ անմիջապես, անպայման և անհատույց միմյանց տրամադրել այն բոլոր իրավունքները, արտոնություններն ու առավելությունները, որոնք տրվել են կամ կտրվեն երրորդ պետություններին։ Երկրորդ ձևը նախատեսում է, որ պայմանադիր մեկ կողմի՝ մի երրորդ պետությանը տրամադրած կամ տրամադրվելիք արտոնություններն ու առավելությունները տարածվելու են մյուս կողմի վրա անհատույց, եթե այդպիսիք երրորդ պետությանը տրամադրվել են անհատույց, և միևնույն կամ համարժեք պայմաններով, եթե արտոնություններն ու առավելությունները երրորդ պետությանը տրամադրվել են հատուցմամբ։ Ինչպես սոցիալիստական պետությունների, այնպես էլ նրանց ու կապիտալիստական պետությունների առևտրական հարաբերություններում, որպես կանոն, կիրառվում է Ա. ա. ս–ի անպայման կամ անհատույց ձևը։
