ՀՍՀ/ԱՄԵՈԲԻԱԶ
ԱՄԵՈԲԻԱԶ, վարակական հիվանդություն։ Առաջանում է հաստ աղիքները, բերանի խոռոչը, ներքին այլ օրգանները դիզենտերիային ամեոբայով ախտահարվելու հետևանքով։ Ա. առաջին անգամ նկարագրել է ռուս գիտնական Ֆ. Լեշը (1875)։ Ա–ի կլինիկապես ամենատարածված ձևն ամեոբային դիզենտերիան է։ Վարակի հիմնական աղբյուրը Ա–ով հիվանդն է կամ բացիլակիրը, որոնց արտաթորանքի հետ հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր։ Ամեոբան մարդու օրգանիզմն է անցնում վարակված ջրի և սննդամթերքների հետ, տեղակայվում հաստ աղիքների պատերի լորձաթաղանթում և բազմանում։ Ախտանիշներն են՝ լուծ (օրվա ընթացքում 10 և ավելի անգամ), աղիքների ցավ, նքոց, լորձահեղուկային կղկղանք։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վեր է ածվում քրոնիկականի և տևում տարիներ՝ առաջ բերելով բարդություններ (լյարդի, թոքերի, սեռական օրգանների ամեոբային թարախակալումներ, քրոնիկական բորբոքումներ)։ Բուժումը՝ դեղորայքային, դիետա, կլիմայաբուժում, թարախակալումների դեպքում՝ վիրահատական։
