ՀՍՀ/ԱՄԵՐԻԿԱ
ԱՄԵՐԻԿԱ, աշխարհամաս Արևմտյան կիսագնդում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կազմված է Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքներից ու նրանց հարակից կղզիներից։ Տարած. 42,5 մլն. կմ² է, բնակչությունը՝ 479 մլն. մարդ (1967)։ Հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1492–1503-ին։ Կոչվել է Ամերիգո Վեսպուչիի անվամբ։ Մինչև եվրոպացիների մուտքը Ա. բնակեցված էր բազմաթիվ հնդկացի ցեղերով և ժողովուրդներով, հյուսիսում՝ էսկիմոսներով։ Եվրոպացիների տիրապետության հաստատման շրջանում բնիկների զգալի մասը ոչնչացվեց բռնությունների, գաղութարարների բերած հիվանդությունների, անմարդկային շահագործման հետևանքով։ Ա–ի ժամանակակից բնակչությունը կազմված է եվրոպացի վերաբնակիչների և որպես ստրուկներ այնտեղ տարված աֆրիկացիների հետնորդներից, նրանց խառն ամուսնությունից ծնված սերունդներից, բնիկ հնդկացի բնակչության մնացորդներից։ Ա–ի մասին տես նաև առանձին պետությունների վերաբերյալ հոդվածներում։
