ՀՍՀ/ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐ
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐ (ԱՄՆ–ի բնակիչների ինքնանվանումը), ազգ, կազմում է ԱՄՆ–ի բնակչության մեծամասնությունը։ Ապրում են նաև ԱՄՆ–ից կախում ունեցող երկրներում։ Ա–ի թիվը մոտ 200 մլն. է (1967), որից 22 մլն. նեգրեր և մուլատներ են։ Ազգի կորիզը կազմել են XVII դ. սկզբից Հյուսիսային Ամերիկայում վերաբնակված անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, հոլանդացիները, դանիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները։ Ամերիկյան ազգի ձևավորմանը մասնակցել են նաև հնդկացիները և աֆրիկացիները։ Այն հիմնականում կազմավորվել է մինչև անկախության պատերազմը (1775–83) և նրա ընթացքում։ XIX դ. վերջին ուժեղացավ Արևմտյան, Արևելյան և Հարավային Եվրոպայից, ինչպես նաև Ասիայից վերաբնակիչների հոսքը դեպի ԱՄՆ, որը երկրի բնակչությունը էթնիկական տեսակետից դարձրեց էլ ավելի խայտաբղետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավելացել է վերաբնակիչների թիվը (Լատինական Ամերիկայի Երկրներից, մասնավորապես՝ Մեքսիկայից)։ Ա. համեմատաբար երիտասարդ ազգ են։ Էթնիկական համախմբումն այնտեղ դեռ չի ավարտվել։ Ա–ի մեջ մտնող ազգային շատ խմբեր (լեհեր, իտալացիներ, հայեր և ուրիշներ) պահպանել են ազգային որոշ ավանդույթներ, նաև լեզուն։ Ա. խոսում են անգլերեն, որը և ԱՄՆ–ի պետական լեզուն է։ Սակայն Ա–ի լեզուն բառապաշարով ու արտասանությամբ տարբերվում է անգլիացիների լեզվից։ ԱՄՆ–ում չկա պաշտոնական պետական կրոն։ Երկրում գոյություն ունի մոտ 260 դավանություն և աղանդ։ Ա–ի մեծ մասը բողոքական եկեղեցու հետևորդ է, զգալի թիվ են կազմում կաթոլիկները և հուդայական կրոնի հետևորդները։ Ա–ի տնտեսության ու մշակույթի մասին տես Ամերիկայի Միացյալ Նահանգներ հոդվածում։
