Jump to content

ՀՍՀ/ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդկացիական լեզուներ, Ամերիկայի բազմաթիվ հնդկացի ցեղերի ու ժողովուրդների լեզուները։ Այդ լեզուներից շատերը բավարար չափով ուսումնասիրված չեն, նրանց ցեղակցական կապերը դեռևս չեն պարզվել։ Եղած դասակարգումներով բոլոր հնդկացիական լեզուները բաժանվում են 123 (ըստ Պ. Ռիվեի) կամ 109 (ըստ Վ. Շմիդի) խմբի։ Դրանցից գլխավորներն են. Հյուսիսային Ամերիկայում՝ աթաբասկյան, ալգոնկինյան, սելիշ, սիու, հոկա, պենուտի, իրոկեզյան, մուսկհոգի, կենտրոնական Ամերիկայում՝ ուտո–ացտեկյան, մայա, Հարավային Ամերիկայում՝ կեչուա, այմարա, չիբչա, կարիբյան, արավակյան, տուպի–գուարանի, ժեզ, տուկանո, պանո, արաուկանյսւն, չոն ևն։ Փորձեր են եղել բոլոր այդ լեզուները մեծ ընտանիքներում կամ ծագումնաբանորեն մեկ ընտանիքում միավորելու ուղղությամբ, բայց անբավարար տվյալների պատճառով առայժմ դրանք ընդունելություն չեն գտել։ Իրենց քերականական կառուցվածքով Ա. լ–ի մի զգալի մասը բազմահամադրական տիպի է։ Մինչև Ամերիկայի հայտնագործումը գիր ունեին երկու լեզու՝ նահուատլը (ուտո–ացտեկյան խումբ)՝ վանկային գիր, որը Մեքսիկայի ուրիշ հնդկացիական ցեղերի օգտագործած գաղափարագրի հետագա զարգացումն էր, և մայան, որով գրված բազմաթիվ հին գաղափարագիր հուշարձաններ են հայտնաբերվել։ Դրանց վերծանման նախապատվությունը պատկանում է սովետական գիտնականներին, մասնավորապես՝ Յու. Վ. Կնորոզովին։

Գրկ. Сепир Э., Язык, пер. с англ. А. М. Сухотина,М.-Л.,1934; Глисон Г., Введение в дескриптивную лингвистику, пер. с ангп. М., 1959; Численность н расселение народов мира, под ред. С. И. Брука, М., 1962; Rivet P., Les langues americaines, Les langues du monde, 2 ed., P., 1952.