ՀՍՀ/ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԱՊԿ), ստեղծվել է 1948-ի ապրիլի 30-ին, Բոգոտայամ (Կոլումբիա), Միջամերիկյան 9-րդ կոնֆերանսում։ ԱՊԿ–ի անդամ են ԱՄՆ և լատինա–ամերիկյան 22 երկրներ (բոլորը, բացի Կուբայից և Գայանայից)։ ԱՊԿ–ի բարձրագույն մարմինը Գլխավոր ասամբլեան է, գործադիր մարմինը՝ Մշտական խորհուրդը։ ԱՊԿ–ի կենտրոնական մշտական մարմինն է Գլխավոր քարտուղարությունը (մինչև 1970 կոչվում էր Պանամերիկյան միություն), որը ղեկավարում է 5 տարի ժամկետով ընտրվող Գլխավոր քարտուղարը։ Ըստ կանոնադրության, ԱՊԿ կոչված է ապահովել ամերիկյան մայր ցամաքի խաղաղությունն ու անվտանգությունը, լուծել ամերիկյան պետությունների առջև կանգնած քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային խնդիրները, միջոցառումներ ձեռնարկել ագրեսիայի դեմ։ Կանոնադրությամբ չի թույլատրվում միջամտել առանձին պետությունների ներքին գործերին։ Սակայն «ցամաքային եղբայրություն», «պատմական ճակատագրի ընդհանրություն» լոզունգներով ԱՄՆ այդ կազմակերպությունը փաստորեն օգտագործում է որպես Լատինական Ամերիկայում իր քաղ. և տնտ. գերիշխանությունն հաստատելու և ամրապնդելու, մայր ցամաքի ժողովուրդների ազգային–ազատագրական և դեմոկրատական–հեղափոխական շարժումները ճնշելու, կոմունիզմի դեմ պայքարի գործիք։ Կուբայում հեղափոխության հաղթանակից հետո, 1962-ին, ԱՄՆ–ի ճնշմամբ Կաբան հեռացվեց ԱՊԿ–ից։ 1964-ին ԱՊԿ–ի մի շարք անդամների մասնակցությամբ ԱՄՆ ագրեսիա ձեռնարկեց Պանամայի դեմ, իսկ 1965-ին զինված ինտերվենցիա Դոմինիկյան Հանրապետաթյունում: ԱՄՆ ձգտում է ԱՊԿ–ի շրջանակներում ստեղծել մշտական միջամերիկյան զինված ուժեր՝ Լատինական Ամերիկայում ռազմադիկտատորական վարչակարգերը պաշտպանելու համար։ Լատինաամերիկյան որոշ պետություններ (Մեքսիկա, Պերու, Պանամա) հանդես են գալիս ԱՊԿ–ի շրջանակներում ԱՄՆ–ի քաղաքականության դեմ և ձգտում են կազմակերպությունը վերածել իրավահավասար մասնակիցների միության։
