ՀՍՀ/ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԳՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԳՈՒՆ, թեթև–լծկան ձիերի ցեղ։ Ստացվել է ԱՄՆ–ում, XIX դ. կեսերին՝ հեծկան, վարգուն և շորորաքայլ ձիերի տրամախաչումից։ Ունի գերազանցապես սպորտային նշանակություն։ Միատիպ չէ, մարմնակազմը թեթև է, չոր։ Գույնը՝ աշխետ, շառատ, սև ևն։ Մնդավի բարձրությունը 153–157 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 154–158 սմ, կրծքի փաթը՝ 170–185 սմ, նախադաստակի փաթը՝ 18–20 սմ։ Ա. վ–ին է պատկանում 1609 մ տարածություն անցնելու արագության համաշխարհային ռեկորդը՝ վարգով 1 ր 55,25 վրկ, շորորաքայլ վազքով՝ 1 ր 53,6 վրկ։ Բուծվում է ԱՄՆ–ում, Կանադայում, Իտալիայում, Շվեդիայում ևն։ Ռուսաստան է ներմուծվել XIX դ. վերջերին։ Օրլովյան վարգունի և Ա. վ–ի տրամախաչումից ստացվել է ռուսական վարգունը։
