Jump to content

ՀՍՀ/ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈԼԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԵՐԻԿՅԱՆ Ցոլակ (Սուլուլիկյան Գալուստ) Քերովբեի (1887–1964), հայ դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1947)։ Ծնվել է սեպտեմբերի 23 (հոկտ. 5)–ին, Տրապիզոնում։ Նախնական կրթությունն ստացել է Բաթումի հայկական ծխական դպրոցում, ապա ռուսական քաղաքային ուսումնարանում։ Բեմ է բարձրացել 1906-ին, տեղի հայկական սիրողական թատերախմբում։ Դերասանական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1909-ին։ Խաղացել է Սիրանույշի, Հ. Աբելյանի, Վ. Փափազյանի թատերախմբերի կազմում, շրջագայել Ռուսաստանի, Կովկասի, Ուկրաինայի, Միջին Ասիայի և Արևմտյան Հայաստանի հայաշատ վայրերում։ Երբեմն էլ ինքն է կանգնել առանձին խմբերի գլուխ և «անհատապաշտսւկան թատրոնի» սկզբունքով առաջնորդել թատերասեր երիտասարդությանը։ 1931-ից աշխատել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնում։ Ա–ի ստեղծած կերպարներից շատերը մտել են հայ բեմարվեստի պատմության մեջ. դրանք են՝ Սատին, Զախար Բարդին . (Գորկու «Հատակում», 1932, «Թշնամիներ», 1950), Մանուկ աղա (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934), Շահ Զեիր (Ջանանի «Շահնամե», 1935), Կավալեր Ռիպաֆրատա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», 1936), Շեյլոկ, Մալվոլիո (Շենքսպիրի «Վենետիկի վաճառականը», 1937, «Տասներկուերորդ գիշեր», 1944), Մամլոկ (Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ», 1941), Մուրոմսկի (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1946), Շպուլենկո (Շիրվանզադեի «Մորգանի խնամին», 1955)։ Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938, «Տժվժիկ», 1961)։ Ա–ի ստեղծած ռեալիստական կերպար– ներին հատուկ են բարձր ներշնչանքը, բեմական հմայքը։ Մահացել է սեպտ. 17-ին, Երևանում։

Գրկ. Հարությունյան Ս. Ս., Ցոլակ Ամերիկյան, Ե., 1957։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967, էջ 351–55։