Jump to content

ՀՍՀ/ԱՄԻՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԻՐԱ (արաբ, ամիր–հրամայող, իշխան), 1. անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահանգների կառավարիչներին և զորահրամանատարներին։ Հայ մատենագիրները «ամիրապետ» են կոչել խալիֆային։ Միջնադարյան հայ իրականության մեջ սկզբնապես Ա. կամ ամիր անվանել են մահմեդական իշխաններին, իսկ XI դարից սկսած, Զաքարյանների օրոք, նաև՝ քաղաքների կառավարիչներին։ 2. Պատվանուն, տրվում էր Օսմանյան կայսրության մեջ հայազգի ամենաունևոր և ազդեցիկ անձնավորություններին: Շնորհվել է սկսած XVI դարից։ Ամիրայական հայտնի գերդաստաններից էին՝ Տատյանները, Տյուզյանները, Պալյանները, Պեզճյանները, Ճեզայիրլյանները, Խորասանճյանները, Միրիճանյանները, Երամյանները և ուրիշներ։ XIX դ. Ա–ների ընդհանուր թիվը հասնում էր 100-ի։ Նրանց էին վստահված Թուրքիայի արդ. ձեռնարկությունների կառուցման ու ղեկավարման, դրամահատության գործը, տնտեսական կարևոր գերատեսչություններ։ Նրանց մեծ մասն զբաղվում էր վաշխառությամբ, դառնում սեղանավոր։ Շնորհիվ իրենց հարստության, գործիմացության և ձեռք բերած բարձր պաշտոնների, Ա–ները մեծ ազդեցություն անեին սուլթանների պալատում, ինչպես նաև հայ համայնքում և հայոց պատրիարքների վրա։ Նրանք փաստորեն միջնորդ էին պատրիարքի ու պետության միջև, ֆինանսավորում էին պատրիարքարանը։ Նախքան բուրժուական մտավորականության ասպարեզ գալը, Ա–ներն էին տոն տալիս Կ. Պոլսի և երբեմն էլ ողջ արևմտահայության մշակութային ու քաղ. կյանքին։ Նրանք բացում էին դպրոցներ, հիմնում տպարաններ, հրատարակում գրքեր, մեկենասների դեր կատարում, կազմակերպում մշակութային ընկերություններ ևն։ Չնայած այդ լուսավորական գործունեությանը, Ա–ները, ըստ էության, ֆեոդալական կարգերի ջատագովներն էին. նրանց մեծ մասը դեմ էր քաղաքական նորամուծություններին, բուրժ. բարեփոխումներին և նույնիսկ տրտունջռվ էր ընդունում Թանզիմաթը։ Ամիրայական դասը պահպանողական էր։ 1860–70-ական թթ. Թուրքիայում իրագործված բուրժուական բարեփոխումների հետևանքով այն կորցրեց իր տնտ. գործունեության հիմքը և աստիճանաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նրա զգալի մասը համալրեց զարգացող բուրժուազիայի շարքերը։

Գրկ. Տեր-Ղևոնդյան Ա. Ն., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Ե., 1965։ Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967։ Ա. Տեր–Ղևոնդյան, Հ. Ղազարյան