ՀՍՀ/ԱՄՄԱՆ
ԱՄՄԱՆ, Հորդանանի մայրաքաղաքը 1946-ից։ Գտնվում է երկրի հս–արևմուտքում։ 360 հզ. բն. (1971)։ Խճուղիների հանգույց Է, երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան։ Կան նավթավերամշակման, տեքստիլ, ցեմենտի, ծխախոտի, կաշվի, սննդի արդ. ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Հնում կոչվել է Ռաբբատ–Ամմոն, հելլենիստական–հռոմեական շրջանում՝ Ֆիլադելֆիա։ VII–IX դդ. եղել է Արաբական խալիֆայության կազմում։ Խալիֆայության անկումից (X դ.) հետո կազմել Է Եգիպտոսի և Սիրիայի զանազան պետությունների, 1516-ից մինչև առաջին համաշխարհային պատերազմի վերջը՝ Օսմանյան կայսրության մասը։ 1921-ին Անդրհորդանանի Էմիրության (անգլիական մանդատ) ստեղծումից հետո դարձել է նրա մայրաքաղաքը։ Պահպանվել են հռոմ. կառույցների՝ թատրոնի, Հերկուլեսի տաճարի ևն ավերակները, արաբական շրջանի միջնաբերդը։
Ա–ում հայերն ապրում են հին ժամանակներից։ 1971-ին նրանց թիվը 3000-ից ավելի էր, զբաղվում են արհեստներով և առևտրով։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Գործում են Յուզպաշյան վարժարանը (մոտ 350 աշակերտ), Հայ կաթոլիկների վարժարանը (120) և բողոքականների դպրոցը (80), ՀԲԸՄ–ի, ՀՄԸՄ–ի և ՀԵՄ–ի մասնաճյուղերը, Ս. Թադևոս եկեղեցին (կառուցումն ավարտվել է 1968-ին)։
