Jump to content

ՀՍՀ/ԱՄՈՐՁԱՏՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՈՐՁԱՏՈՒՄ, մալում, մարդկանց և կենդանիների ամորձիների արհեստական հեռացում։ Ա. օրգանիզմում առաջ է բերում խոր փոփոխություններ՝ մանկական հասակում՝ եվնուխոիդիզմ (պայմանավորված սեռական գեղձերի արտազատական ու ներզատական գործունեության բացակայությամբ և ճարպակալման ու ոսկորների զարգացման անհամաչափությամբ), մինչև սեռական հասունացումը՝ խողովակավոր ոսկորների երկարում, ճարպակալում, սեռական հասունացումից հետո՝ բեղերի մորուքի մազաթափություն, նյութափոխանակության խանգարում, սեռազրկում են։ Հնում գերիներին որպես պատիժ ամորձատել են։ Արևելքում ստրուկներին ամորձատել և դարձրել են ներքինի։ Միջին դարերում տղաներին ամորձատել են մանկական ձայնը եկեղեցական երգչախմբում պահպանելու նպատակով։ Ամորձատում են նաև մի շարք հիվանդությունների (սեռական գեղձերի չարորակ նորագոյացություններ, տուբերկուլոզ, վնասվածքներ) բուժման դեպքում։ Կենդանիների Ա. բարձրացնում է նրանց աշխատունակությունը և մսատվությունը (տես նաև Կրտում): Ա. Միդոյան