Jump to content

ՀՍՀ/ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, տղամարդու և կնոջ պատմականորեն պայմանավորված և հասարակության կողմից հավանություն գտած ու կարգավորվող հարաբերությունների ձև, որով սահմանվում են նրանց իրավունքներն ու պարտականությունները միմյանց և երեխաների նկատմամբ։ Ա–յան ձևերի պատմ. փոփոխությունները որոշվում են արտադրաեղանակների զարգացմամբ և կապված են բարոյականության ու իրավունքի հետ։ Նախնադարյան համայնքի վաղ շրջանում տիրապետում էր այսպես կոչված խառնամուսնությանը, երբ տվյալ հոտի յուրաքանչյուր կին կարող էր սեռական հարաբերության մեջ մտնել բոլոր տղամարդկանց, իսկ յուրաքանչյուր տղամարդ՝ բոլոր կանանց հետ։ Մայրական տոհմի ձևավորման շրջանում առաջ են գալիս սեռերի հարաբերությունների կարգավորման առաջին փորձերը, ծնունդ են առնում արտամասնությունն ու խմբամուսնությունը, որի ժամանակ մի տոհմի բոլոր տղամարդիկ կարող էին ամուսնանալ այլ տոհմի բոլոր կանանց հետ։ Մայրական տոհմի զարգացումը հանգեցրեց զուգամասնաթյան առաջացմանը, որը միավորում էր մեկ ամուսնական զույգ։ Ամուսինները շարունակում էին ապրել յուրաքանչյուրն իր տոհմական խմբում (տարատեղային բնակություն), ավելի ուշ ամուսինը ապրում էր կնոջ տոհմում (մայրատեղային բնակություն), սակայն նրանց անձնական գույքը մնում էր բաժանված, իսկ երեխաները պատկանում էին միայն մորն ու, նրա տոհմին։ Խմբամուսնության և զուգամուսնության առանձնահատկությունը ամուսինների հավասարությունն էր։ Մայրիշխանությունից հայրիշխանությանն անցնելու հետ միասին առաջ է գալիս մենամուսնությունը, որը կոչված էր սերտորեն կապելու ամուսիններին միմյանց ու սերնդի հետ և դրանով ապահովելու ընտանիքի կայունությունն ու ամբողջականությունը։ Մենամուսնական ընտանիքը դառնում է հասարակության առաջին տնտ. բջիջը։ Կինը սկսում է ապրել ամուսնու ընտանիքում (հայրատեղային բնակություն) և երեխաների հետ միասին անցնում նրա իշխանության տակ։ Մենամուսնությունն իր ավարտուն տեսքն է ստանում փոքր ընտանիքում, որը, սկզբնավորվելով նախնադարյան համայնական կարգերի քայքայման և մասնավոր սեփականության ձևավորման պայմաններում, նախադրյալներ է ստեղծում կնոջ ճորտացման համար։

Հայերի մեջ հնուց մենամուսնությունը եղել է տիրապետող ձև։ Մենամուսնությանը կարգավորվել է և՛ եկեղեցական կանոններով, և՛ քաղաքացիական օրենսդրությամբ։ Հայ ժողովրդի կենցաղում պահպանվում էին մի շարք սովորույթներ, որոնք վկայում են, որ հայերի նախնիներն ունեցել են Ա–յան վաղ ձևեր (հիրատ՝ զուգսւմուսնության մնացուկ, դարձ՝ մայրատեղային բնակության արձագանք)։

Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի (387–439) սահմանած կանոնների 27-րդ հոդվածով արգելվում էր պսակադրությունը՝ առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության։ Քահանաներին արգելվում էր ամուսնացողներին առանց քննության և հարցման ենթարկելու պսակելը։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվելու էին կանոնական պատժի։ Դվինի 719-ի ժողովը պահանջում էր, որ միջնորդներն անպայման հասնեն ամուսնացողների համաձայնությանը։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (XII դ.) ևս Ա–յան հիմքում դնում էր զույգերի համաձայնությունը՝ ամուսնական հասակ սահմանելով տղային՝ 15, աղջկան՝ 12 տարիքը։ Սսի 1246-ի Ժողովը սահմանեց տղային 14, աղջկան՝ 12 տարիք։ Ձագավանքի (Կոտայք) 1270-ի եկեղեցաժողովի որոշումներով տղայի համար սահմանվում էր 15, աղջկան՝ 14 (որոշ դեպքերում՝ 10–12) տարիք։ Գավիթ Ալավկա Որդու (XII դ.) կանոններով 10 տարեկանից ցածր հասակ ունեցողներին պսակադրող քահանաները ենթարկվելու էին անեծքի և կարգալուծության։

Հին և միջնադարյան Հայաստանում կային բազմակնության և հարճակալության դեպքեր, թեև եկեղեցին պահանջում էր միակնություն։ Հայոց եկեղեցին դեմ էր երկրորդ Ա–յան, ինչպես և գաղտնի Ա–յան։ Եկեղեցական կանոններով արգելվում էր՝ ազգականների Ա. միմյանց հետ և ազատների (ազնվականներ) Ա. անազատների հետ։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատի 356-ի ժողովը պատվիրել է ամուսնացողներին «հեռու մնալ ազգակցական մերձավոր խառնակ ամուսնություններից»: Շահապիվանի 447-ի ժողովի սահմանած կանոնախմբի 13 և 14-րդ հոդվածներով ազգականների միմյանց հետ Ա. համարվում է «պղծություն և գարշանք», հեթանոսական մնացուկ։ Եկեղեցին հեթանոսական վերապրուկները համարում էր աղանդների ծագման պայման և պայքարում էր դրանց դեմ։ Նույն ժողովը արգելում էր մինչե չորրորդ ծնունդը հարազատների Ա.։ Արգելվում էր օրհնել ազգակիցների ամուսնական պսակը կամ մասնակցել նրանց հարսանիքին։ Այս պահանջները չէին կատարվում։ Պարտավի 771-ի ժողովը արձանագրում էր, որ «ազատները առանց ամոթի» ամուսնանում են ազգականների հետ։ Նույն երնույթի մասին վկայում են նաև հայ մատենագիրներ Հովհան Մամիկոնյանը (VII դ.), Թովմա Արծրունին (IX–X դդ.), Ստեփանոս Տարոնեցին (X–XI դդ.), Թովմա Մեծոփեցին (XV դ.) և ուրիշներ։

Մխիթար Գոշի (XII–XIII դդ.), Սմբատ Սպարապետի (XIII դ.) դատաստանագրքերում բազմաթիվ հոդվածներ կան Ա–յան մասին։ Մխիթար Գոշը պարտադիր է համարում կնոջ համեմատ տղամարդու տարեց հասակը՝ դա համարելով ամուսնու գերիշխանության պայման։ Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք։ Անհավատարմության մեջ մեղադրվող կնոջը սպանողը ենթակա էր խիստ պատժի։ Սմբատ Սպարապետի դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը։ Հաճախադեպ էին քաղաքական նպատակներով կատարվող Ա–ները, որոնք բարեկամություն էին ստեղծում տարբեր տոհմերի ու իշխանների, նույնիսկ պետությունների միջև։ Հայ պատմիչների (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ և ուր.) վկայությամբ, Ա–ից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, որը դեն էր նե– տամ միայն մայր դառնալուց հետո։ Հարսը ընդունում էր ամուսնու ազգանունը։ Իշխանի հետ ամուսնացողը անվանվում էր «տիկին» («տի» - «մեծ» և «կին» բառերից), քանի որ ամուսինը ուներ «տիար» («տիայր» = «մեծ մարդ») պատվանունը։ Հազվագյուտ էր գործածվում «իշխանուհի» տիտղոսը։

Հակամարտ դասակարգային ֆորմացիաներում մենամուսնությունն ստանում է տվյալ ֆորմացիային հատուկ մի շարք բնորոշ սոցիալ–իրավական գծեր, սակայն շարունակում է մնալ որպես գույքային գործարք և կնոջ վրա ամուսնու իշխանության միջոց։ Սոցիալիզմի ժամանակ արտադրության միջոցների հանրայնացումը և կնոջն արտադրական աշխատանքի մեջ ներգրավումը ամուսինների փաստական իրավահավասարության հիմքերը դրեցին, որը սոցիալիստական երկրներում ամրապնդված է ամուսնա–ընտանեկան օրենսդրությամբ (տես Ընտանիք): Սոցիալիստական հասարակարգում հակամարտ դասակարգերի և մարդու կողմից մարդու շահագործման վերացման, տղամարդուց կնոջ նյութական կախվածության ոչնչացման հետ միասին իրական պայմաններ են ստեղծվել փոխադարձ սիրո վրա հիմնված Ա–յան համար։ ՍՍՀՄ–ում միայն զագսի մարմիններում արձանագրված ամուսնությամբ են պայմանավորված ամուսինների իրավունքներն ու պարտականությունները։ Հայրենադարձների՝ արտասահմանում գրանցված Ա., ինչպես և մինչև 1920-ի դեկտ. 21 Հայաստանում եկեղեցական ծեսերով կատարված Ա–ները (սա 1944-ի հուլիսի 8 փաստական Ա–ները նույնպես) հավասարեցված են զագսում գրանցված Ա–յանը։ Ա–յան համար անհրաժեշտ են՝ ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը։ ՀՍՍՀ օրենսդրությամբ թույլատրվում է ամուսնանալ 18 տարեկանից, բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել մեկ տարով։ Ա․ չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ Ա–յան մեջ է, ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը հոգեկան հիվանդության կամ տկարամտության պատճառով անգործունակ Է ճանաչված։ Ամուսիններն ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ, նրանցից յուրաքանչյուրն ազատ Է ընտրելու իր զբաղմունքը, մասնագիտությունը և բնակության վայրը։ Տնային տնտեսությանը, երեխաների խնամքին և դաստիարակությանը նվիրված կնոջ աշխատանքը հավասարեցված Է ամուսնու աշխատանքին։ Սինչև ամուսնանալը ամուսիններին պատկանած գույքը և ամուսնության ընթացքում նվեր կամ որպես ժառանգություն ստացած գույքը նրանցից յուրաքանչյուրի սեփականությունն Է։ Տես նաև Ամուսնության և ընտանիքի օրենսգիրք ՀՍՍՀ։

Գրկ. Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1965։ Սամվելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 3, Ե., 1941։ Մազմանյան Մ. Ա., Սեր, ամուսնություն և ընտանիք, Ե., 1959։ Կանոնագիրք Հայոց․ աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, Ե., 1964։ Харчев А. Г., Брак и семья в СССР. Опыт социологического исследования, М., 1964. Ս. Հովհաննիսյան, Է. Կարապետյան, Վ. Վարդանյան, Հ. Իտրյան