ՀՍՀ/ԱՄՈՒՐ ԳԵՏ
ԱՄՈՒՐ (մոնղոլ. Խարա–Մուրեն – սև գետ, չինարեն՝ Խեյլունցզյան – սև վիշապի գետ), գետ Արևելյան Ասիայում։ Ավազանը տարածվում է ՍՍՀՄ (Չիտայի, Ամուրի մարզերում և Խաբարովսկի երկրամասում), ՉԺՀ և ՄԺՀ տերիտորիաներում։ Ա–ի ավազանի մեծ մասը գտնվում է ՍՍՀՄ–ում։ Կազմավորվում է Արգուն և Շիլկա գետերի միացումից։ Երկ. 2824 կմ է (Արգունի ակունքից՝ 4440), ավազանը՝ 1855 հզ. կմ: Թափվում է Թաթարական նեղուցը։ Վերին հոսանքում (մինչև Զեայի գետաբերանը) հովիտը նեղ է ու խոր, ափերը՝ ժայռոտ, հոսքը՝ սրընթաց։ Միջին հոսանքում (Բլագովեշչենսկից մինչև Խաբարովսկ) առաջացնում է լայն ողողատ։ Ստորին հոսանքում ընթանում է Ստորին–Ամուրյան դաշտավայրով ու բաժանվում բազուկների՝ առաջացնելով բազմաթիվ կղզիներ։ Գլխ. վտակներն են ձախից՝ Զեա, Բուրեա, Ամգուն, աջից՝ Սունգարի, Ուսուրի։ Սնումը՝ ամառային և աշնանային մուսոնային անձրևներից (65%) և ստորերկրյա ջրերից։ Գետի ավազանում ձնածածկույթը չնչին Է, գարնանային հորդացում չունի։ Տարեկան միջին հոսքը 343 կմ է (10,8 հզ. մ/վրկ)։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ա. նավարկելի է գրեթե ամբողջությամբ։ Գլխ. նավահանգիստներն են՝ Բլագովեշչենսկ, Խաբարովսկ, Ամուրի Կոմսոմոլսկ, Ամուրի Նիկոլաևսկ (ՍՍՀՄ) և Խեյխե (ՉԺՀ)։ Ա. հարուստ է ձկներով (կետա, սապատաձուկ ևն)։
