Jump to content

ՀՍՀ/ԱՄՊԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՊԻՐ (<ֆրանս. empire — կայսրություն), XIX դ. առաջին երեք տասնամյակների եվրոպական ճարտարապետության և կերպարվեստի (հիմնականում՝ դեկորատիվ-կիրառական) ոճ, որով ավարտվեց կլասիցիզմի զարգացումը։ Տիպարներ փոխառնելով անտիկ արվեստից՝ Ա. օգտվեց նաև արխաիկայի շրջանի Հունաստանի ու կայսերական Հռոմի գեղարվեստական ժառանգությունից՝ վերցնելով ռազմական հզորություն ու փառք մարմնավորող մոտիվներ՝ վիթխարի մույթերի (առավելապես դորիական և տոսկանական օրդերների) մոնումենտալ ձևեր, զինանշաններ (լիկտորական ժապավեններ, զենք ու զրահ, դափնեպսակներ, արծիվներ են)։ Ա. ներառավ նաև հին եգիպտական ճարտարապետության և քանդակագործության առանձին մոտիվներ (պատերի և մույթերի խոշոր, չմասնատված հարթություններ, երկրաչափական հոծ ծավալներ, զարդանախշ, սֆինքսներ ևն)։ Ա. կազմավորվելով կլասիցիզմի ընդերքում՝ նրա ձևերի և հարդարանքի նրբագեղությունն ու պարզությունը հետզհետե փոխարինեց առավելագույն խստությամբ և մոնումենտալ արտահայտչականությամբ։ Դրա ծայրահեղ արտահայտությունը եղավ Կ. Լեդուի և ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանի մի շարք այլ ճարտարապետների նախագծերում տեղ գտած քաղաքացիական պաթոսով տոգորված խստաշունչ ասկետիզմը։ ՆրաՆց քաղաքաշինական և գեղարվեստական գաղափարները դարձան համաեվրոպական Ա–ի զարգացման հիմք՝ տարբեր երկրներում ստանալով տեղական բնութագծեր։ Նապոլեոն I կայսրության շրջանում պետության փառաբանմանը ծառայեց մեմորիալ ճարտարապետությունը (հաղթակամարներ, հուշասյուներ)՝ երբեմն կրկնելով հին հռոմեական օրինակները, ինչպես Փարիզի Կարուզել հրապարակի հաղթակամարը (1806, ճարտ. Շ. Պերսիե և Պ. Ֆոնտեն), որը Հռոմի Մեպտիմիոս Սևերոսի կամարի կրկնությունն էր։ Պերսիեի ու Ֆոնտենի վերակառուցած պալատների (Մալմեզոն, Ֆոնտենբլո, Բոգառնե ևն) հանդիսավոր ինտերիերի հարդարանքում՝ եգիպտական հարթաքանդակների, էտրուսկյան սկահակների, պոմպեյան որմնանկարների, հունական և հռոմեական դեկորի, Վերածննդի շրջանի ֆրեսկոների և զարդանախշերի մոտիվները համահնչյուն են Ֆ. Ժակոբի ամպիրյան կահույքին և Պ. Թոմիրի բրոնզյա իրերին, որոնք ոճավորված են հին հռոմեական հարուստ բնակելի տան կահավորանքի ոգով։ Կազմավորվելով Ֆրանսիայում՝ Ա. ազգային ինքնատիպ գծեր ձեռք բերեց Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Իտալիայում, Ռուսաստանում և Գերմանիայում՝ դառնալով այդ երկրների պետական անկախության գաղափարների արտահայտությունը։

Պատկերազարդումը տես աղ. XV, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ․ Некрасов А. И., Русский ампир М., 1935; Borgeois Le style Empire ses orgines et ses caractères, P., 1930.