Jump to content

ՀՍՀ/ԱՄՍՏԵՐԴԱՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՍՏԵՐԴԱՄ (Amsterdam սկզբում`Amstelredame — պատնեշ Ամստել գետի վրա), Նիդերլանդների պաշտոնական մայրաքաղաքը 1813-ից, թեև պառլամենտը, պետության ղեկավարը և կառավարությունը գտնվում են Հաագայում։ Գըտ– նըվում է Ամստելի գետաբերանին, Էյսել մեր ծոցի ափին, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Կապը դրանց միջև լաստա– նավային է (ներկայումս կառուցվում է ավտոմոբիլային։ թունել)։ 1040 հզ. բն. (1970)։ Քաղաքի իրավունք է ստացել 1300-ին (կամ 1301-ին), իսկ XVI–XVIII դդ. արդեն վերածվել է Արևմտյան Եվրոպայի առևտրական, ֆինանսական ու մշակութային կարևոր օջախի։ Ծովային նավահանգիստ է, երկաթուղային հանգույց, միջազգային օդանավակայան (Սհիպհոլ)։ Զարգացած Ամստերդամ։ Քաղաքային ջրանցքներից մեկը։

է մեքենաշինությունը (նավաշինությունը և ինքնաթիռաշինությունը), հատկապես էլեկտրոնային հաշվիչ սարքերի արտադրությունը և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը։ Կան նաև քիմ., նավթավերամշակման, փայտամշակման, ալմաստահղկման, սննդի արդ–յան ձեռնարկություններ։ Հայտնի է սուրճի, կաուչուկի, ծխախոտի, կակաոյի մեծածախ առևտրով։ Ա. բանկային գործի և բորսային առևտրի միջազգային կենտրոն է։ Նավահանգիստը ապրանքաշրջանառության ծավալով (17.9 մլն. տ, 1968) երկրորդն է Նիդերլանդներում (Ռոտերդամից հետո)։ Ընդունում է մինչև 80 հզ. տ ջրատարողության օվկիանոսային նավեր։ Տարանցիկ ապրանքների (գլխավորապես արևմտագերմանական) ծավալը 4–5 մլն. տ է։ Ունի համալսարան (1632), բարձրագույն այլ դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ։ Ա–ում է գտնվում Ռեմբրանդի տուն–թանգարանը։ Ա–ի արտաքին տեսքը հիմնական գծերով ձևավորվել է XVII դարում։ Տերիտորիան կտրտված է բազմաթիվ ջրանցքներով։ Տները կառուցված են ցցերի վրա, իսկ թաղամասերը հիշեցնում են կղզիներ, որոնք միացած են մոտ 500 կամուրջներով։ Ժամանակակից կառուցապատումն ու ճարտ–ը աչքի են ընկնում խիստ արտահայտված մոդեռնիզմով։

Ա. հարուստ է արվեստի և ճարտ. բազմաթիվ հուշարձաններով։ Դրանցից են՝ թագավորական պալատը (նախկինում՝ Ռատուշան, 1648–55), Պետ. թանգարանը (1877-85), Բորսայի շենքը (1897-1903)։

Ա–ում հայերը մշտական բնակություն են հաստատել Աբբաս I շահի բռնագաղթից (1604) հետո։ XVII դ. կեսերին այստեղ բնակվել է մոտ 70 հայ ընտանիք (հիմնականում՝ թանկարժեք քարերի և մետաքսի վաճառականներ), որոնք ապրում էին քաղաքի արլ. մասում, ունեին իրենց շուկան (հայտնի էր «Արևելյան շուկա» անունով) և առևտրակաև նավեր։ Հայկական եկեղեցին կառուցվել է 1714-ին (հետագայում վերակառուցվելով դարձել է հոլանդական դպրոց, այժմ էլ պահպանվում են դռների վերնամասերում արված հայերեն արձանագրությունները)։ 1660-ին Մատթեոս Ծարեցին Ա–ում հիմնել է հայկ. տպարան, որը 1669-ին տեղափոխվել է Լիվոռնո (Իտալիա), ապա Մարսել (Ֆրանսիա) և գործել մինչև 1686-ը։ 1664-ից այն ղեկավարել է Ոսկան Երևանցին, որի անունով էլ հայտնի դարձավ որպես Ոսկանյան տպարան։ Այստեղ աշխատել են Ավետիս Ղլիճենցը (Ոսկանի եղբայրը), Կարապետ Անդրիանացին, Օհան Երևանցին, Սողոմոն Լևոնյանը և ուրիշներ։ Ա–ում տպագրվել է 18 անուն գիրք՝ Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» չափածո երկը (1660), Աստվածաշունչ (1666), Շարակնոց (1664), «Աղուէսագիրք»–ը. (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»–ը (1669) ևն։ 1685-ին Ոսկան Երևանցու աշակերտ Մատթեոս Հովհաննիսյանը Ա–ում հիմնադրել է նոր տպարան, որի ղեկավարը հետագայում դարձել է Թովմաս Վանանդեցին։ Այստեղ առաջին անգամ տպագրվել է Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»–ը (1695), հայերեն առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյց»–ը (1695) ևն։ Ա–ում է տպագրվել նաև գերմանացի լեզվաբան Յ. Շրյոդերի «Գանձ արամեան լեզուին» աշխատությունը (1711)։ Վանանդեցիների տպարանը փակվեց 1717-ին։ 1740–50-ական թթ. ընդօրինակվել են հայկ. ձեռագրեր (գրիչ՝ Հովհաննես Ամասիացի)։ XVIII դ. վերջերին և XIX դ. սկզբներին (Նապոլեոնյան արշավանքների ժամանակ) Ա–ի հայ գաղութը անկում ապրեց։ Գաղթօջախը վերստին կյանքի կոչվեց նոր ժամանակներում, երբ Ինդոնեզիայից Ա. գաղթեցին ճապոնական իշխանությունների կողմից 1943-ին տեղահանված հայեր։ 1972-ին Ա–ում հաշվվում էր շուրջ 500 հայ։

Գրկ. Սարուխան Ա., Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն., 1926։