Jump to content

ՀՍՀ/ԱՄՐԱԿԱՊՈՒՄ ՀԱՆՔԱՐԱՆԱՅԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՐԱԿԱՊՈՒՄ ՀԱՆՔԱՐԱՆԱՅԻՆ, արհեստական շենությունների կառուցում ստորգետնյա հանքափորվածքների փլուզումը կանխելու և լայնական կտրվածքի ձևն ու չափերը պահպանելու նպատակով։ Ամրակապերը ըստ ծառայության ժամկետի լինում են հիմնական և ժամամանակավոր։ Դրանց ձևի և նյութի ընտրությունը կախված է փորվածքի նշանակությունից, ձևից, չափերից, լեռնային ճնշման մեծությունից ևն։ Պատրաստվում են փայտից, մետաղից, բետոնից, երկաթբետոնից ևն։ Կլոր հատվածքով ուղղաձիգ հանքափողերի ամրակապման համար կիրառվում են բետոնե, թուջե կամ երկաթբետոնե ամրակապեր։ Հորիզոնական կամ թեք (մինչև 30°) հիմնական փորվածքները ամրակապում են բետոնով (նկ. 1), երկաթբետոնով և խառը եղանակով (պատերը՝ բետոնով կամ երկաթբետոնով, իսկ առաստաղը՝ մետաղե հեծաններով)։ Հորիզոնական նախապատրաստական փորվածքների ամրակապերը լինում են՝ սեղանաձև, ուղղանկյուն և կամարաձև։ Սեղանաձև և ուղղանկյուն ամրակապերի համար օգտագործում են փայտ, մետաղ և հավաքովի երկաթբետոն, իսկ կամարաձևի համար՝ բետոն և հատուկ պրոֆիլի մետաղե ամրակապ։ Փայտե ամրակապերը պատրաստում են շրջանակներով, որոնք անկայուն ապարներում տեղադրվում են համատարած (նկ. 2, ա), իսկ կայուն ապարներում՝ իրարից որոշակի հեռավորության վրա (նկ. 2, բ)։ Վերջին դեպքում շրջանակների միջև ընկած տարածությունները ամրակապվում են փուշտաներով։ Այդպես են վարվում նաև որոշակի հեռավորության վրա տեղադրված մետաղե ամրակապերի դեպքում (նկ. 3)։ Մեծ տարածում են ստացել ձողային և տորկրետբետոնե ամրակապերը, որոնց առավելությունը նյութերի խնայողությունն է և փորվածքի կտրվածքում ամրակապի փոքր մակերեսը։

Գրկ. Слесарев В. Д. Крепление горных выработок, М., 1952; Орлов В. В. и др., Проведение и крепление горных выработок, М., 1965. Հ. Բախչիսարայցև, Գ. Խաչատրյան

Նկ. 1. Հիմնական լեռնային փորվածքների ամրակապեր, ա. ուղղաձիգ հանքակողի բետոնե ամրակապը (երկայնական կտրվածք), բ. կամարաձև բետոնե ամրակապ, գ. կլոր հատվածքով ամրակապ՝ բետոնե քարերից։

Նկ․ 2․ Սեղանաձև փափտե ամրակապեր։

Նկ. 3. Մետաղե ամրակապեր, ա. սեղանաձև, գ. կամարաձև։