Jump to content

ՀՍՀ/ԱՄՖԻԹԱՏՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՖԻԹԱՏՐՈՆ (լատ. amphitheatrum, <հուն. άμφίθέατρον, άμφί – երկու կողմից + θέατρον – տեսլարան, հանդիսարան, թատրոն), 1. մոնումենտալ շինություն Հին Հռոմում՝ հրապարակային ներկայացումների (գլադիատորների մարտեր, գազանների հալածում, թատերականացված հանդիսություններ) համար։ Կառուցվածքով հիշեցնում էր հուն․ երկու պայտաձև թատրոնի միակցում, որտեղից և Ա. անվանումը։ Ա. Էլիպսաձև հատակագծով հսկա կառույց Էր, որի մեջտեղում գտնվում էր ասպարեզը։ Սրա շուրջը, որպես նստատեղեր, բարձրանում էին բազմաստիճան ու բացօթյա սանդղահարկերը, որոնք միմյանցից անջատված Էին անցուղիներով և երբեմն ավարտվում Էին ծածկված օղակաձև սյունաշարով։ Ա–ի կառուցվածքային հիմքը ունեցել է կամարների և սյուների բարդ համակարգ՝ թաղակապ ճեմասրահներով և սանդուղքներով։ Ասպարեզի տակ տեղադրվել են գազանների վանդակները և բեմական մեքենաները։ Մասամբ պահպանվել են Պոմպեյի 15 հզ. տեղանոց Ա. (մ. թ. ա 70-ական թթ.), ճարտարապետական առումով առավել կատարյալ, 50 հզ. տեղանոց, Հռոմի Կոլիզեումը (75–82 թթ.)։ Մեզ հասել են նաև Ա–ներ՝ Վերոնայում, Առլում, Նիմում և նախկին Հռոմեական կայսրության այլ քաղաքներում։ 2. ժամանակակից հանդիսասրահում՝ պարտերին հաջորդող սանդղեվանդներով բարձրացող նստատեղերի տարածամասը։ {{ՀՍՀ հեղ|Վ. Հարությունյան||

(նկ․) Ամֆիթատրոն։ Վերևում՝ Առլի ամֆիթատրոնը (Հարավային Ֆրանսիա)։ Օգտագործվել է ցլամարտի համար։ Տեղավորել է 26000 հանդիսատես։ Ներքևում՝ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի ամֆիթատրոնը։