Jump to content

ՀՍՀ/ԱՅԳԱՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅԳԱՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ (մինչև 1971՝ Այգավանի գինու գործարան), ՀՍՍՀ գինեգործական խոշոր ձեռնարկություն։ Գտնվում է Արարատի շրջանի Այգավան գյուղում։ Ստեղծվել է 1966-ին, Արարատի գինու գործարանի Այգավանի բաժանմունքի հիման վրա։ Գործարանը հագեցված է խաղողի մշակման հոսքային գծերով և ունի գինեգործության սեզոնում 10 հզ. տ խաղողի վերամշակման կարողություն։ Խաղող է ստանում Արարատի շրջանից՝ հիմնականում մսխալի և կախեթ։ Արտադրում է դառը և թնդեցրած գինենյութեր՝ վարդագույն, սպիտակ, կարմիր պորտվեյն ստանալու համար, որոնք ուղարկվում են երկրորդական գինեգործարաններ՝ շշալցման։ Դառը գինենյութերի մի մասը օգտագործվում է կոնյակի սպիրտ թորելու համար։ Կոնյակի սպիրտի թորման արտադրամասն ունի տարեկան 72 հզ. դալ (բացարձակ ալկոհոլ) կարողություն։ Այստեղ կառուցվում են Հայաստանում կոնյակի սպիրտի հնեցման ամենախոշոր շտեմարաններից մեկը՝ 1200 հզ. դալ տարողությամբ և կոնյակի սպիրտի ՛թորման նոր արտադրամաս՝ տարեկան 200 հզ. դալ կարողությամբ։ Գինեգործության սեզոնում մինչև 1975-ը խաղողի մշակումը կհասցվի 15 հզ. տ։