ՀՍՀ/ԱՅԳԵԿՈՒԹ
ԱՅԳԵԿՈՒԹ, այգեքաղ, խաղողի բերքահավաք։ ժամկետը որոշվում է խաղողի միջին նմուշների պարբերական վերլուծությունների հիման վրա (ՀՍՍՀ–ում՝ սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի վերջը)։ ժամանակից շուտ կամ ուշ Ա. իջեցնում է բերքի որակը (ցածր շաքարայնություն, վնասվածքներ վաղ աշնանային ցրտահարություններից, փտում անձրևներից)։ Հասուն խաղողի ողկույզները կտրում են դանակով կամ մկրատով, դասավորում արկղերում (10–12 կգ) և ուղարկում նախնական վերամշակման կետեր։ Սեղանի խաղողի սորտերը հավաքում են լրիվ հասունության ժամանակ, չոր եղանակին, ողկույզները կտրում են՝ չդիպչելով պտուղներին, պահպանելով դիմացկունությունը բարձրացնող մոմային փառը։ Ա–ից առաջ նախապատրաստում են մառանները, համապատասխան գույքը, ախտահանում տակառները, շենքերը, գործիքները և մեքենաները, ապահովում տարան, փոխադրամիջոցները։
Դեռևս հին ժամանակներից Ա. հայերի համար եղել է ուրախության, խնդության տոն։ Ա. սկսելու հանդիսավոր արարողությունը հեթանոսական ժամանակներում կապված է եղել Նավասարդի տոնակատարության հետ (օգոստոսի կեսերին)։ Մինչև տոնակատարության օրը չէր կարելի խաղող ուտել։ Այս սովորությունը հայ ժողովրդի մեջ պահպանվել է նաև քրիստոնեությունն ընդունելուց հետո։ Այս սովորության նպատակն էր թերհաս խաղող չքաղելն ու չօգտագործելը։ Ընդհուպ մինչև XX դ. սկիզբը Գողթնում, Արարատյան դաշտում և այլ վայրերում Ա–ի առաջին օրը հրավիրում էին ազգականների և բարեկամների, այգում կազմակերպում էին ճաշկերույթ, երգում էին ուրախ երգեր։ Ա․ սկսում էին բարեմաղթանքներով։ Հավաքած խաղողը տեղափոխում էին հնձան, որը գտնվում էր այգու մի անկյունում։ Հրավիրված տղամարդկանցից մեկը բոբիկ ոտքերով տրորում էր խաղողը, հյութը հոսում էր շրջանաձև, փոքր ավազանի մեջ, որտեղից լցնում էին տկերը և տեղափոխում տուն, լցնում մառանում տեղավորված կարասները։ Խաղողի մի մասն էլ կողովներով փոխադրում էին կախանի համար։ Այժմ էլ կոլտնտ. այգիներում Ա. կատարվում է երգով, խնդությամբ։ Ա. պատկերվել է հայ միջնադարյան շատ հուշարձանների քանդակներում (Դվին, V դ., Աղթամարի վանք, X դ. ևն)։
