ՀՍՀ/ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահության ճյուղ, որն զբաղվում է ընտանի այծերի բուծմամբ։ Լինում է կաթնատու, բրդատու, աղվամազատու և խառը ուղղությունների Ա.։ Այծի կաթը դյուրամարս է, օգտագործվում է որպես սնունդ կրծքի երեխաների և կովի կաթի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Աղվամազից պատրաստում են նրբաթաղիք (ֆետր), գլխաշորեր ևն, բրդից՝ գործվածք, գորգեր, իսկ մորթուց ստանում են թանկարժեք կաշի (շևրո, զամշ, լայքա ևն)։ Այծի միսը, առանձնապես մատղաշինը, սննդարար է և համեղ։ Բրդատուներից ստանում են մինչև 2,5 կգ բուրդ, իսկ աղվամազատուներից՝ 200–500 գ աղվամազ։ Կաթնատու այծերը բուծվում են գլխավորապես Արևմտյան Եվրոպայում, Միջերկրականի առափնյա երկրներում, Հնդկաստանում և այլ տեղերում, աղվամազատու և բրդատու այծերը՝ ԱՄՆ–ում, Թուրքիայում, Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում։ Չինաստանում տարածված են կաթնամսատուները։ ՍՍՀՄ–ում բուծվում են կաթնատու, բրդատու, աղվամազատու և կաթնամսաբրդատա այծեր։ Հայաստանում Ա–յամբ զբաղվել են դեռևս շատ հին ժամանակներից։ Գիտնականների մի մասի կարծիքով Հայկական բարձրավանդակը եղել է այծերի ընտելացման բնօրրաններից մեկը։ Հայաստանում բուծված այծերից արժեքավոր է եղել հատկապես Կիլիկյան նրբագեղմ այծը, որի աղվամազից պատրաստում էին ցփսի կոչված գործվածքը։ ՀՍՍՀ–ում բուծվող այծերը (78 հզ. գլուխ, 1971) խոշոր չեն (31–32 կգ կենդանի քաշ), մազածածկը կոպիտ է, գույնը՝ սև, սպիտակ, խայտաճամուկ։ Ներկայումս տեղական այծերը բարելավվում են տրամախաչելով անգորական այծի հետ։ Ստացված խառնացեղերը մսաբրդատու են։
