Jump to content

ՀՍՀ/ԱՅՆԹԱՊ ԱՆՏԵՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅՆԹԱՊ, Անթեպ (թուրք. Գազիանթեպ – Gaziantep), քաղաք Թուրքիայի հարավում, Եփրատի վտակ Սաջուրի ափին, Գազիանթեպ վիլայեթի կենտրոնը։ 160,2 հզ. բն. (1970)։ Երկաթուղային հանգույց։ Քաղաքը կառուցված է պտղատու այգիներով շրջապատված երեք բլուրների վրա։ Ա–ում կան տեքստիլ, կաշվե իրերի, սպիրտ–օղու և օճառի արտադրության ձեռնարկություններ։ Ա. եղել է հին բնակավայր, սակայն աղբյուրներում հիշատակվում է X դարից։ Խաչակիրների օրոք մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ։ 1266-ին Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը երկու անգամ արշավեց Ա–ի վրա, բայց չկարողացավ գրավել։ XIII––XIV դդ. գտնվում էր եգիպտական սուլթանների գերիշխանության տակ։ 1404-ին Ա. ավերեցին Լենկթեմուրի զորքերը։ 1516-ին Ա. ընկավ թուրքերի ձեռքը։ XVIII դ. Ա–ի շուրջը գտնվող հարյուրից ավելի գյուղեր ամբողջովին հայաբնակ են եղել։ Հետագայում օսմանյան պետությունը այդտեղ բնակեցրել է քրդեր, հայերին բռնի կերպով դարձրել թրքախոս։ Ա–ի վիլայեթում կիսատվեր և կանգուն վիճակում պահպանվել են հայկական բազմաթիվ հնություններ՝ եկեղեցիներ, վանքեր, բերդեր։

(նկ․) Այնթապ քաղաքի ընդհանուր տեսարանը :

XX դ. սկզբներին Ա. ուներ 50 հզ. բն., այդ թվում՝ մոտ 20 հզ. հայ։ Հայերն զբաղվում էին առևտրով և արհեստներով՝ մետաղամշակությամբ, ոսկերչությամբ, քարգործությամբ։ Հին ու տարածված արհեստ էր ոստայնանկությունը՝ հյուսվածքեղեն պատրաստելը։ Զարգացած էր ներկարարությունը և դրոշմազարդումը (դաջածո, տպածո)։ Ա. հայտնի էր նաև բրդյա գործվածքներով, գոտեգործությամբ։ Կարպետագործությունը հասել էր արվեստի բարձրության։ Ա. առանձնապես աչքի էր ընկնում ասեղնագործությամբ, որը կրում էր քաղաքի անունը։ Այն հայկական ասեղնագործ. արվեստի ամենանուրբ ճյուղն Էր։ Ա–ում ասեղնագործում էին սեղանի ծաղկազարդ սփռոցներ, ծածկոցներ, բարձի երեսներ, թաշկինակներ, կարովի ժանյակներ (օյա), որոնցով զարդարում էին գլխաշորերը, հագուստը և բնակարանի փափուկ կահույքը։ Թուրքական կառավարության կազմակերպած ջարդերից հետո եվրոպական մի շարք երկրներից այդ վայրերն են եկել բողոքական միսիոներներ։ Կրոնական գործունեությունից բացի նրանք խրախուսել են հայկական ասեղնագործության տեղական ճյուղերը, որոնց արտադրանքը արտահանել են Եվրոպայի և Ամերիկայի շուկաները։

Ա–ում կար 6 հայկական եկեղեցի, որոնցից Ս. Աստվածածին մայր եկեղեցին կառուցվել է 1873–93-ին, ճարտարապետ Սարգիս Պալյանի կողմից։ Քաղաքում կային 17 վարժարան (Վարդանյան, Ներսեսյան, Հայկանուշյան ևն) և զանազան մշակութային ընկերություններ (Վարդանյան, Այդինյան ևն)։ Հայ երեխաները հաճախում էին նաև ամերիկյան միսիոներների հիմնադրած «Կեդրոնական Թուրքիո կոլեջը» և օրիորդաց ուսումնարանը։ 1886-ին Վարդանյան վարժարանում հրատարակվել է «Մենտոր» անունով հայատառ թուրքերեն կիսամսյա հանդեսը, որ տպագրվել է Կ. Պոլսում։ 1912– 15-ին գործել Է Կիլիկյան ճեմարանը՝ գիշերօթիկ և ցերեկային բաժիններով։

Ազգային ճնշումների և բռնությունների հետևանքով Ա–ի հայերի մեծ մասը հայերեն չէր խոսում, սակայն XIX դ. վերջին, հայ մշակութային ընկերությունների և առանձին բարերարների հիմնադրած հայկական դպրոցների շնորհիվ, հայերենը նորից խոսակցական լեզու դարձավ հայ ընտանիքներում։

(նկ․) Այնթապի եկեղեցին և միջնաբերդը։ 1915-ին թուրք ջարդարարները տեղահան արեցին Ա–ի բազմահազար հայերին և քշեցին Դեր Էլ–Զորի անապատը։ Թուրքիայի պարտությունից հետո տեղահանված հայերի բեկորները վերադարձան հայրենի քաղաքը։ Թուրքերը նորից հարձակվեցին Ա–ի վրա։ Հայերը 314 օր (1920-ի ապրիլի 1-ից մինչև 1921-ի փետր. 8) հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920–21)։ Սակայն ֆրանսիացիները լքեցին հայերին և հեռացան Կիլիկիայից։ Վախենալով թուրքերի հետագա վրեժխնդրությունից՝ Ա–ի հայերը տարագիր եղան և բնակություն հաստատեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ–ում։ Տարագիր այնթապցիների մի մասը հետագայում հայրենադարձվեց Սովետական Հայաստան։ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1970-ի սեպտ. 10-ի հրամանագրով Այնթապ է վերանվանվել ՀՍՍՀ Մասիսի շրջանի Թազագյուղ բնակավայրը։

Գրկ. Սարաֆյան Գ., Պատմություն Անթեպի հայոց, հ. 1–2, Լոս Անջելես, 1953։ Սահակյան Ռ. Գ., Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ., Ե., 1970։