ՀՍՀ/ԱՅՎԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԱՅՎԱԶՅԱՆ Սուրեն Բախշիի (ծն. 1915), հայ սովետ, գրող։ Ծնվել է հունվ. 9-ին, Զանգեզուրի գավառի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջան)։ Ավարտել է Ս. Մ. Կիրովի անվան ադրբեջանական համալսարանի (Բաքու) բանասիրական ֆակուլտետը (1942)։ Առաջին անգամ տպագրվել է 1937-ին։ «Անավարտ գորգը» (1947), «Խորաձորցիք» (1951) պատմվածքների ժողովածուներում և «Լեռնցիներ» (1955) վեպում Ա. պատկերել է սոցիալիստական գյուղը։ Հերոսների ներաշխարհը նա բացահայտում է հոգեբանական նուրբ վերլուծությունների միջոցով («Ձորերի ձայնը», «Լուռ Լալազարը», «Թխկուտի ձորում», «Վիշտը» և այլ պատմվածքներ)։ «Ճակատագիրն հայոց» (1966) պատմավեպում պատկերել է հայ ժողովրդի պայքարը պարսկական և թուրքական բռնակալների դեմ XVIII դարում։ Ա–ի մի շարք գործեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն, ադրբեջաներեն։
Երկ. Խիղճը, Ե., 1957։ Տո՛ւր ձեռքդ, կյանք, Ե., 1962։ Բարի առավոտ, Ե., 1964։ Կա և հետմահու կյանք, Ե., 1970։
(նկ․) Ս. Բ. Այվազյան։
