Jump to content

ՀՍՀ/ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, կառուցել է Հ. Այվազովսկին՝ Թեոդոսիայում, 1845-ին, որպես տուն և արվեստանոց, ուր 1846-ին բացել է իր նկարների առաջին ցուցահանդեսը։ Դա Ռուսաստանում ժողովրդին մատչելի առաջին թանգարանն էր։ 1880-ին ծովանկարիչն իր տունը վերածել է հանրային պատկերասրահի։ Ա. պ–ում կազմակերպվել են Այվազովսկու գործերի ցուցահանդեսներ, ինչպես և երեկույթներ, ուր ելույթներ են ունեցել նաև դերասան Պ. Ադամյանը, կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը։ Ղրիմի արվեստի այդ կենտրոնում մեծ ծովանկարչին աշակերտել են Ա. Կուինջին, Լ. Լագորիոն, Ա. Ֆեսլերը, Կ. Բոգաևսկին, Մ. Մահտեսյանը, Ս. Լատրին, Մ. Վոլոշինը։ 1921-ին Ա. պ. ազգայնացվել է։ 1925-ից այնտեղ ցուցադրվել են նաև Այվազովսկու հետևորդների գործերը։ 1941-ին Ա. պ–ի ֆոնդերն ու արխիվը պատերազմից փրկվել և տեղափոխվել են Երևան։ 1942-ին, Այվազովսկու ծննդյան 125–ամյակի առթիվ, Երևանում ցուցադրվել է Ա. պ–ի հավաքածուն, որը 1944-ին վերադարձվել է Թեոդոսիա։ 1946-ին ավարտվել է շենքի վերականգնումը, և Ա. պ. կրկին սկսել է գործել։ Այն ծովանկարչության միակ թանգարանն է ՍՍՀՄ–ում, որտեղ պահվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն։

(նկ․) Հ․ Այվազովսկու պատկերասրահը Թեոդոսիայում։