ՀՍՀ/ԱՅՏՈՒՑ
ԱՅՏՈՒՑ, օրգանիզմի հիվանդագին վիճակ, երբ ջրային փոխանակության խախտման հետևանքով հյուսվածքներում կուտակվում են ջուր, սպիտակուցներ և էլեկտրոլիտներ։ Այտուցվում են առավելապես մաշկը, ենթամաշկային հյուսվածքները, թոքերը, գլխուղեղը։ Պատճառներն են՝ արյան անոթների թափանցելիության խանգարումները, երիկամների, լյարդի և սրտի հիվանդությունները, ալերգիան, բորբոքային պրոցեսները, արյան սպիտակուցների նվազումը, թույների (հատկապես օձի), ցրտի և բարձր ջերմաստիճանի ներգործությունը, կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքները։ Նշաններև են՝ օրգանի կամ մարմնի մասի ծավալային մեծացումը, ձևափոխվելը, մաշկի առաձգականության կորուստը (մաշկը դառնում է խմորանման)։ Այտուցված հյուսվածքը ճեղքելիս հոսում է անգույն կամ բաց դեղնավուն հեղուկ, բորբոքման ժամանակ՝ պղտոր։ Բուժումը՝ հիմնական հիվանդության վերացում։ Տես նաև Ջրգողություն:
