Jump to content

ՀՍՀ/ԱՅՐԱՐԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅՐԱՐԱՏ, Մեծ Հայքի կենտրոնական նահանգը, կոչվել է նաև Միջնաշխարհ, «Գլուխ երկրին Հայոց»։ Անունը կապվում է Ուրարտու անվան հետ։ Հերոդոտոսի «Պատմության» մեջ հիշատակվում է «Ալարոդ» ձևով։ Պատմական բոլոր ժամանակաշրջաններում եղել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։ Հս–ից սահմանակից էր Գուգարքին, արմ–ից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արլ–ից՝ Սյունիքին և հվ–ից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Ա–ի տարածքում են Հայկական պար լշ–ն, Արագածն ու Արայի լեռը. Արարատյան, Բագրևանդի, Կոգովիտի, Շիրակի, Կարսի և Բասենի արգավանդ դաշտերը։ Ա–ում կային ոսկու, պղնձի, երկաթի հանքավայրեր, հարուստ աղահանքեր, շինանյութեր և հանքային ջրեր։ Հայտնի էր նաև Ա–ի որդան կարմիր ներկը։ Ա. հնուց ուներ ոռոգման ջրանցքներ։ Ա–ով էին անցնում միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհներ։ Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։ Ա–ում էր և է նաև Հայոց եկեղեցու կենտրոնը՝ Էջմիածնի Մայր Աթոռը։ Ա. ուներ մոտ 40 հզ. կմ² տարածություն, ընդգրկում էր 22 գավառ. Բասեն, Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Աշոցք, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան հայոց, Ուրծաձոր, Արած, Շարուր դաշտ։ Ա–ի տերիտորիան իբրև արքունի սեփականության (Արքունի ոստան) անընդհատ փոքրանում էր ֆեոդալական հարաբերությունների ձևավորման պատճառով։ 284–387-ին, երբ գավառների կառավարիչ նախարարները փաստորեն դարձան ժառան– գական տերեր, հայ Արշականիները պաշտոնապես ճանաչեցին Ա–ի սահմաններում եղած նախարարական խոշոր տներին՝ Կամսարականներին, Գնթունիներին, Մամիկոնյաններին, Բագրատունիներին, Ամատունիներին և գավառների անունները կրող նոր տոհմերին (Բասեն՝ «Բասենի դատավորն», Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Վանանդացիք, Աշոցք, վարաժնունիք, Ուրծ և Արած)։ Արքունի ոստանի կազմում մնացին Արարատյան դաշտը, Ծաղկոտն, Արագածոտն, մասամբ՝ Ճակատք, Մասյացոտն, Կոտայք, Մազազ, Շարուր դաշտ և Ոստան հայոց գավառները, որոնք IV–V դդ. շեմին կոչվում էին «Այրարտտյան գավառ», «Այրարատյան նահանգ», «Այրարատ» կամ «Ոստան հայոց»։ Հայ Արշակունիներից հետո Ա. իբրև առանձին նահանգ վերացավ, իսկ Արքունի ոստանը դարձավ Հայաստանի մարզպանի կալվածը և կենտրոնը։ Այդ երկրամասի վրա առաջացած մանր ազնվականներից շատերը հայ Արշակունիների շառավիղներն էին, որոնք դարձել էին իրենց փոքրիկ կալվածների ժառանգական տերերը և կոչվում էին «ոստանիկներ»։ Հայաստանի երկրորդ բաժանումից (591) հետո Ա–ի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային և Տուրուբերանի հետ միասին կազմեց վարչական մեկ միավոր։ VII դ. կեսերին Ա. գրավեցին արաբները։ 886-ին Ա. մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Սելջուկների ժամանակ Ա. ենթարկվեց ավերածությունների, բայց XIII դ. սկզբին, Զաքարյանների օրոք, ազատագրվեց, բարգավաճեց։ Մոնղոլական տիրապետության, Լենկթեմուրի արշավանքների շրջանում Ա–ի գավառները ենթարկվեցին նոր ավերածությունների։ XV դ․ Ա․ նվաճեցին Կարա-Կոյունլուները, ապա Ակ-Կոյունլուները։ 1502-ին Ա-ին տիրացավ Սեֆվյան Պարսկաստանը։ XVII դ․ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով Ա․ ամայացավ։ 1639-ի հաշտության պայմանագրով Ա-ի մեծ մասն անցավ Պարսկաստանին՝ կազմելով Երևանի խանությունը, որի տարածքը 1827-ին միացավ Ռուսաստանին։

Գրկ․ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։