ՀՍՀ/ԱՆԱԲԱՊՏԻՍՏՆԵՐ
ԱՆԱԲԱՊՏԻՍՏՆԵՐ (հուն. <άναβαπτίξω – կրկին մկրտում եմ), կրկնակնունքներ, Ռեֆորմացիայի առավել արմատական աղանդավորական հոսանքներից մեկի հետևորդները Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, XVI դ.։ Անաբապտիզմի սոցիալական բազան քաղաքային պլեբեյությունն էր, գյուղացիությունը, բյուրգերականության արմատական խավերը։ Պահանջում էին նորից մկրտվել հասուն տարիքում Ա–ի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում եկեղեցական բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժխտում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարվում հարկ վճարել, կատարել զինվորական ծառայություն, զբաղեցնել հասարակական պաշտոններ։ Նրանք քննադատում էին հարստությունը և սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն։ Ա. հավատում էին երկրի վրա «Քրիստոսի արքայության» հազարամյա հաստատմանը ևն։ Այդ ուսմունքը, ըստ էության, սոցիալական բողոք էր ֆեոդալական կարգերի դեմ։ Ա. սերում էին արմատական–միստիկական աղանդից («ցվիկաույան քարոզիչները»՝ Թյուրինգիայում, սակրամենտիստները՝ Նիդերլանդներում) և ամենից վաղ տարածվեցին Գերմանիայում, որտեղ ստացան Թ. Մյունցերի աջակցությունը, և Ցյուրիխում (Շվեյցարիա)։ Նրանք 1524–25-ին մասնակցեցին Գյուղացիական պատերազմին Գերմանիայում։ Գյուղացիական պատերազմի և Շվեյցարիայում Ա–ի պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հս. Նիդերլանդներ և Վեստֆալիա, հատկապես՝ Մյունստեր, որտեղ Ա. գրավեցին իշխանությունը (Մյունստերյան կոմունա 1534–35)։ Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին բապտիստների հերձվածը։
