Jump to content

ՀՍՀ/ԱՆԱԲԻՈԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱԲԻՈԶ (հուն. άναβίωοίς - կենսադարձ), օրգանիզմի վիճակ, երբ կենսական պրոցեսները (նյութափոխանակություն ևն) ժամանակավորապես դանդաղում են կամ աննկատ լինելու աստիճան դադարում։ Ա. առաջանում է անողնաշարավորների (միջատներ, կլոր որդեր ևն), ինչպես նաև բույսերի և մանրէների մոտ, կյանքի պայմանների խիստ վատթարացման (բարձր և ցածր ջերմաստիճաններ, խոնավության բացակայություն ևն) հետևանքով։ Բարենպաստ պայմաններ ստեղծվելիս բնականոն կենսագործունեությունը վերականգնվում է։ Ա–ի շնորհիվ օրգանիզմները հարմարվում են միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Ռուս գիտնական Պ. Ի. Բախմետևը, միջատները սառեցնելով մինչև -7°C, պարզել է, որ վերակենդանացում հնարավոր է, եթե հյուսվածքների հեղուկը չի սառցակալում։ Բույսերի չոր սերմերը Ա–ի վիճակում ծլունակությունը պահպանում են երկար տարիներ։ Ա. և կենդանիների ձմեռային քունը չպետք է շփոթել։ Ձմեռային քնի ընթացքում բնականոն կենսագործունեության զգալի խախտում չի նկատվում։ Ա. կիրառվում է հյուսվածքները և չոր վակցինաները պահպանելիս, սրտի, թոքերի, ուղեղի վիրահատական միջամտությունների ժամանակ, երբ պահանջվում է վիրահատվող օրգանիզմի սառեցում (տես Հիպոթերմիա), տիեզերագնացության ասպարեզում (բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը) և գյուղատնտ. կենդանիների արհեստական սերմնավորման գործում (ցածր ջերմաստիճանում պահպանում է արժեքավոր արտադրողների սպերման)։

Գրկ. Шмидт П. Ю., Анабиоз, 4 изд., М.-Л., 1955 (им. библ.). Շ. Մաթևոսյան