Jump to content

ՀՍՀ/ԱՆԱՆԻԱ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՆԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱՆԻԱ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՆԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ, կրթական օջախ համանուն վանքում՝ անապատում (Երևանի ներկայիս Թումանյան և Մոսկովյան փողոցների հատման տեղում)։ Հիմնել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1620-ին։ Դպրոցում ուսուցչություն են արել Մովսես Տաթևացին, Մելքիսեդ Վժանցի կամ Երևանցի փիլիսոփան և ուրիշներ։ Դասավանդվում էր աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ (բոլորագիր և նոտրգիր գրատեսակներով) և քերականություն։ Դպրոցը գործել է շուրջ երկու տասնամյակ, տվել եկեղեցական և մշակութային անվանի գործիչների (Զաքարիա Վաղարշապատցի, Եսայի Սյունեցի, Պողոս Տիվրիկեցի և ուրիշներ)։ Այդտեղ ուսանած գրիչների ընդօրինակությունների մեծ մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։