ՀՍՀ/ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ, Անանե Նարեկացի (ծն. թ. անհտ.– մոտ 978), հայ մատենագիր, փիլիսոփա, Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիր։ Գրիգոր Նարեկացու ազգականներից։ Կասկածվել է թոնդրակյան շարժմանը հարելու մեջ։ Կաթողիկոս Անանիա Ա Մոկացու պահանջով իր դավանանքի մասին գրել է «Գիր խոստովանութեան»-ը, որով հերքել է աղանդավոր լինելու վերաբերյալ իր դեմ եղած մեղադրանքները։ Նույն կաթողիկոսի հրամանով է գրել «Հակաճառութիւն ընդդեմ թոնդրակեցւոց»-ը, որից մի քաղվածք է պահպանվել Հովհաննես Երզնկացու մոտ։ Ուխտանեսը հիշատակում է նաև Ա. Ն–ու «Հաւատարմատ» (973) գործը, ուր ձաղկել է «երկաբնակներին»: Ա. Ն-ու գրվածքները կարևոր աղբյուրներ են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար։ Որպես մանկավարժ Ա. Ն. մեծ տեղ է տվել գրականությանը և երգեցողությանը։ Դասավանդման մեջ նա առաջնային է համարել ուսուցչի անձնական օրինակը, գիտելիքների հարստությունը։ Ա. Ն-ու աշակերտներից հայտնի են Գրիգոր Նարեկացին և նրա եղբայր Հովհաննեսը։ Աշակերտներից Ուխտանեսը նրա խնդրանքով գրել է «Պատմութիւն Հայոց»-ը։
Գրկ. Աճառյան Հ. Հ., Հայոց անձնանունների բառարան, հ. 1, Ե., 1942, էջ 151։
