ՀՍՀ/ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դարի հայ գիտնական, առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։ Հետազոտողների մի մասի կարծիքով Ա. Շ. ծնվել է Շիրակի կա՛մ Շիրակավան (Երազգավորս), կա՛մ Անանիա (Անեանք) գյուղում, իսկ մյուս մասի կարծիքով՝ Անիում։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում, այնուհետև, գիտելիքները խորացնելու նպատակով, 11 տարի ճանապարհորդել ու սովորել արտասահմանում, որից 8 տարին՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի դպրոցում (Տրապիզոն)։ Վերադառնալով հայրենիք, ծավալել է գիտական ու մանկավարժական գործունեություն՝ բացել դպրոց, գրել դասագրքեր։
Մեծ Է Ա. Շ-ու գիտական գործունեության ոլորտը, զբաղվել է աստղագիտությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, աշխարհագրությամբ ևն։ Ընդհանրացնելով ու զարգացնելով նախորդ հայ մատենագիրների նվաճումները, հետազոտելով այլազգի առաջավոր գիտնականների աշխատությունները՝ նա մշակել է իր սեփական իմաստասիրական համակարգը։ Աստղագիտական աշխատություններում քննության է առել Արեգակի, Երկրագնդի, Լուսնի, աստղերի և Տիեզերքում տեղի ունեցող երևույթների հետ կապված հարցեր. ընդունել է Երկրի գնդաձևությունը, հակոտնյա աշխարհի գոյությունը, նրան հայտնի է եղել, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը։ Նա գտնում էր, որ Ծիր Կաթինը թույլ պայծառության աստղերի բազմություն է, Լուսինը՝ սեփական լույսից զուրկ պինդ մարմին՝ երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ. նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են։ Ճիշտ է բացատրել Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները։ Ծովերի մակնթացություններն ու տեղատվությունները համարել է Լուսնի ազդեցության արդյունք։
(նկ․) «Առ խոստացյալսն» աշխատության անվանաթերթը։
Ա. Շ. երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում Էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թէ՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։
Իր աշխատություններում Ա. Շ. նշել Է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ (մասնավորապես՝ նավագնացության ժամանակ կողմնորոշվելու համար և օրվա ժամը որոշելիս)։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է Լուսնի ծննդի ու լրման 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Կատարել Է զանազան տոմարական հաշվումներ և տվել առնչություններ ոչ միայն հայկական, այլև մի շարք ազգերի օրացույցների վերաբերյալ։ Կազմել է 532 տարվա տոմարական աղյուսակ, տվել հայկական «անշարժ» տոմարի առաջին նախագիծը։ Նրա գրչին է պատկանում հռչակավոր տոմարագետ Անդրեաս Բյուզանդացու տոմարի մեկնությունը, ուր միաժամանակ բազմաթիվ տվյալներ է զետեղել նաև հայկական օրացույցի մասին։ Ի դեպ, Անդրեաս Բյուզանդացու աշխատության բնագիրը չի պահպանվել, և նրա մասին մենք գաղափար ենք կազմում Ա. Շ-ու մեկնությունից։
Մեծ արժեք են ներկայացնում Ա. Շ-ու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։
Ա. Շ-ու մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն Է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։
Միջնադարյան Հայաստանում թվերն արտահայտվել են մեսրոպյան այբուբենի տառերով, առաջին ինը տառով նշանակվել են միավորները, հաջորդ իննյակներով համապատասխանաբար՝ տասնավորները, հարյուրավորները և հազարավորները։ Հայկական այբուբենի տառերով կարելի է գրել մինչև 9999։ 10 000-ի համար հայերն ունեցել են համապատասխան տառի վրա դրվող «բյուր» կոչվող հատուկ նշան (ա^ – 10 000, ժ^ – 100 000 ևն)։ Ա. Շ-ու աղյուսակներում ինչպես հավասարման, այնպես էլ թվաբանական չորս գործողությունների նշանների չենք հանդիպում (դրանք մեծ մասամբ սկսել են գործածվել XV–XVI դդ.)։ Գումարման և հանման աղյուսակները կազմված են միավորների, տասնավորների, հարյուրավորների համար, նրանցում գործածված թվերի սահմանը հասնում է 11000-ի։ Աղյուսակները կազմված են որոշակի օրինաչափությամբ։ Բազմապատկման աղյուսակները բաղկացած են 36 խմբից, յուրաքանչյուր խմբում կա 37 արտադրյալ, ամենամեծ արտադրյալը հավասար է 9000 · 10։ Անշուշտ, բաժանման գործողությունն ավելի մեծ բարդությունների հետ էր կապված, նախքան բաժանման աղյուսակներ կազմելը կազմվում Էին, այսպես կոչված, «վեցհազարեակի»՝ հակադարձ մեծությունների աղյուսակներ, որոնցում արտադրյալները հավասար էին 6000-ի (տես ձեռագրի նմուշները)։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ, խրախճանականներ ևն։ Ա. Շ–ուց շատ առաջ Հունաստանում, Հռոմում և այլուր գրվել են թվաբանական և հանրահաշվական աշխատություններ, սակայն, ինչպես արդեն հաստատված Է, մեզ հասածներից և ոչ մեկը իր ընդգրկումով այնքան ամբողջական չէ, որքան Ա. Շ–ու աշխատությունը։
(նկ․) Անանիա Շիրակացու կազմած բոլորակներից։
Դասագրքում բերված խնդիրներն ու նրանց պատասխանները ենթադրել են տալիս, որ դրանք լուծվել են տարբեր, մասնավորապես, կեղծ դրության և ինվերսիայի եղանակներով։ Ա. Շ–ու դասագրքում կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք եգիպտական և հունական մինչ այդ հայտնի եղանակներով լուծելը դժվար Է։ Ա. Շ–ու կազմած սրամիտ և բովանդակալից խրախճանական խնդիրների մի մասը մինչև այժմ Էլ որոշ փոփոխություններով պահպանվել Է հայ ժողովրդի բանահյուսությունում (տես Խրախճանականներ)։
Ա. Շ–ու մեզ հասած աշխատություններից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները: Պատմաբան գիտնականների մի մասն ընդունում Է, որ Ա. Շ–ու գրչին Է պատկանում նաև «Աշխարհացոյց»–ը, ուր արժեքավոր բազմաթիվ տեղեկություններ կան պատմական Հայաստանի ու նրա հարևան երկրների վերաբերյալ։
Ա. Շ. կազմել է ձայնագիտության բնագավառում իր ժամանակի չափանիշով առաջավոր ուսմունք ներկայացնող «տասնակարգյան աղյուսակի» հայկական տարբերակը, որով մեծապես հարստացրել Է հայ երաժշտագիտությունը՝ ձայների, ձայնամիջոցների և ձայնաշարերի կազմությանը վերաբերող նոր գաղափարներով։ Ըստ մի շարք աղբյուրների, հորինել Է «քաղցրալուր» շարականներ: Իր աշխատություններում Ա. Շ. շոշափում է բազմաթիվ փիլիսոփայական հարցեր։ Ըստ նրա, բնության մեջ գոյությու ունեցող բոլոր նյութերը չորս հիմնական տարրերի՝ հողի, ջրի, օդի ու կրակի տարբեր միավորումներն ու համադրություններն են։ ճշմարտության բացահայտման խնդրում Ա. Շ. մեծ տեղ է հատկացնում փորձին ու դիտողականությանը, զգայելին համարելով որպես առաջնային, իսկ զգայությունը՝ երկրորդային։ Բնության մեջ ամեն ինչ փոփոխության է ենթարկվում, ծնվում, զարգանում և ապա մահանում՝ ընդունելով այլ գոյաձև։ Ա. Շ. հանգում է նաև բնության մեջ հակասությունների գոյության ու նրանց միասնության ըմբռնմանը՝ այն համարելով բնության գոյության օրենք։ Նա գրում է. «… զի լինելութիւնն իցէ սկիզբն ապականութեան, և ապականութիւն դարձեալ անդրէն իցէ սկիզբն լինելութեան։ Զի այսմ անվնաս հակառակութենէ՝ աշխարհ առցէ զտեւողութիւն» («Տիեզերագիտութիւն և տոմար», 1940, էջ 31)։
Ձախից՝ նմուշ Անանիա Շիրակացու «վեցհազարեակ» թվերի բաժանման աղյուսակներից։ Աջից՝ նմուշ Անանիա Շիրակացու գումարման աղյուսակներից։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան կրոնական որոշ տեսակետների անհեթեթությունը և Փորձել է դրանք փոխարինել գիտականով։ Որպես այդ ընթացքի տրամաբանական հետևանք, շատ հարցերում նա շեղվել է միջնադարյան եկեղեցու գաղափարախոսությունից և ինքը դարձել ոչ կրոնական, հակաեկեղեցական հոսանքի հիմնադիրներից մեկը։ Լինելով Հայաստանում «ճշմարտության երկակիություն» ուսմունքի առաջին մշակողներից մեկը, Ա. Շ. սահմանափակել է աստվածաբանության ոլորտները և հնարավորություն ստեղծել բնական ու փորձնական գիտությունների զարգացման համար։
Ա. Շ–ու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Ա. Շ–ու աշխատություններում շոշափված հարցերի գիտական բացատրությունների արժեքը դուրս է գալիս հայկական միջնադարյան գիտության շրջանակներից և խոշոր արժեք ներկայացնում համաշխարհային մշակույթի և գիտության պատմության համար։
Մեծ է Ա. Շ–ու թողած ժառանգության ազդեցությունը հայ գիտության և դպրության հետագա զարգացման վրա. դարեր շարունակ նրա դասագրքերով են առաջնորդվել մեր դպրոցներում, օգտագործվել են կազմած աղյուսակներն ու ուսումնասիրությունների արդյունքները, իսկ նրա տոմարագիտական աշխատությունները մինչև այժմ էլ չեն կորցրել իրենց թարմությունը։ Ա. Շ. փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում։
Երկ․ Մնացորդք բանից, ի լույս ած Ք. Պ. [ատկանյան], ՍՊԲ, 1877։ Տիեզերագիտաթիւն և տոմար, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1940։ Լուսնի պարբերաշրջանները, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1962։ Вопросы и решения... изд. и пер. И. А Орбели, П., 1918; Космография, пер. с древнеарм., предис. и коммент. К. С. Тер-Давтяна и С. С. Аревшатяна, Е., 1962.
Գրկ. Տեր-Մկրտչյան Գ., Անանիա Շիրակացի, Վաղ-պատ, 1896։ Աբրահամյան Ա. Գ., Անանիա Շիրակացու մատենագրությունը. ուսումնասիրություն, Ե., 1944։ Առաքելյան Ա., Անանիա Շիրակացի, Ե., 1955։ Անանիա Շիրակացի, Ե., 1958։ Պետրոսյան Գ., Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե., 1959։ Թահմիզյան Ա., Մի Էջ հայկական վաղ միջնադարյան երաժշտական տեսությունից, «ԲՄ», 1960, № 5։ Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Ե., 1964։ Խրլոպյան Գ. Տ., Անանիա Շիրակացու աշխարհայացքը, Ե., 1964։ Անասյան Տ. Մ., հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 731–74։ Чалоян В., История армянской филисофии (древний и средневек. период), Е., 1959; Patri W., Ananija Schirakazi – ein armenischer Kosmograph des 7. Jahrhunderts. «Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft», B. 114, München, 1964.
